Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությունը» չի համաձայնվի հրադադար հաստատել, եթե Խալիֆա Հաֆթարի ուժերը շարունակեն մնալ Սիրթ քաղաքում և Ջուֆրա ավիաբազայում։
Այս մասին Financial Times ամսագրի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը։
Թուրք նախարարը նշել է, որ «Ազգային համաձայնության կառավարությունը» բանակցությունների ընթացքում ընգծել է, որ «Հաֆթարի ուժերը պետք է վերադառնան այն սահմաններին, որտեղ նրանք տեղակայված էին 2015թ.»։
Չավուշօղլուն նաև մեկնաբանել է անցած շաբաթ լիբիական ալ֊Վաթիյա ավիաբազայի վրա ավիահարձակումն ու նշել, որ այժմ տարվում է քննություն՝ պարզելու, թե ով է իրականացրել հարձակումը։
Հիշեցնենք, որ Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը Լիբիայի հյուսիսարևմտյան ալ֊Վաթիյա ավիաբազայի վրա ավիացիոն հարձակումներ էին եղել։ Ավիաբազան մայիսին թուրքական զորքերի օգնությամբ գրավել էր Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությունը», որից հետո այստեղ տեղակայվել էին նաև թուրքական ՀՕՊ ուժեր։
Լիբիայի մարտերում ներգրավված գրեթե բոլոր ուժերը հայտարարեցին, որ ավիահարձակում իրականացնողներն անհայտ են։ Կարծիքներ կային, որ դրանք եղել են «օտարերկրյա ուժեր, որոնք աջակցում են Խալիֆա Հաֆթարին»։
2011թ. Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։