Չինաստանն արդյունաբերական լրտեսություն է իրականացնում Ռուսաստանի նկատմամբ

«ՌԻԱ-Նովստի» գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանում ձերբակալվել է Չինաստանի քաղաքացի Տուն Շենյուն, ով Ռուսաստանում զբաղվելիս է եղել արդյունաբերական լրտեսությամբ: Հետաքրքրական է, որ լրտեսը ձերբակալվել է մոտ մեկ տարի առաջ, բայց տեղեկություններ այդ մասին հայտնվում են միայն հիմա: Համաձայն հաղրոդագրության Տուն Շենյուն փորձել է տվյալներ հավաքել Ս-300 զենիթահրթիռային համակարգի վերաբերյալ:

Չի հաղորդվում, թե Ս-300-ի հատկապես որ մոդելի վերաբերյալ է Չինաստանը փորձել տեղեկություններ հավաքել, բայց հայտնի է, որ 90-ականներից սկսած Չինաստանը գնել է մեծ թվով Ս-300 զենիթահրթիռային համակարգեր՝ Ս-300ՊՄՈւ, Ս-300ՊՄՈւ-1, Ս-300ՊՄՈւ2, Ս-300ՖՄ: Չինաստանն ունի նաև Ս-300-ի սեփական արտադրության կրկնօրինակը ” «ՀՔ-9» (HQ-9), որը Չինաստանը նաև առաջարկում է զենքի շուկայում «ՖԴ-2000» (FD-2000) անվան տակ:

«Զենքի համաշխարհային առևտրի վերլուծական կենտրոնն» անդրադառնալով այս լուրին՝ նշում է, որ Ռուսաստանը պիտի հաշվի առնի, որ Չինաստան լուրջ առաջընթաց է ունեցել զինատեսակների արտադրության գործում: Եթե նախկինում Չինաստանը պարզապես պատճենում էր այլ երկրների, հիմնականում ԽՍՀՄ/Ռուսաստանի արտադրած զինատեսակները, ապա այժմ ավելի ու ավելի շատ են մշակվում նոր զինատեսակներ, ընդ որում այդ զինատեսակներն առաջարկվում են շատ ավելի էժան գներով, քան արևմտյան կամ ռուսական զինատեսակները: Մասնավորապես կենտրոնը նշում է, որ բազմաթիվ երկրների համար արևմտյան զինատեսակները չափազանց թանկ են, և եթե նախկինում զենք-զինամթերքի շուկայի այդ սեգմենտում Ռուսաստանն ուներ ամուր դիրքեր, ապա այժմ ռուսական զենքը թանկանալու միտումներ է ցուցաբերում, ինչի շնորհիվ էլ Ռուսաստանը դուրս է մղվում Չինաստանի կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *