Թուրքիայի ՊՆ-ն և ԶՈւ ԳՇ պետը Լիբիայում են

Հուլիսի 3-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը 2019թ․ Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» և Թուրքիայի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում մեկնել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի։

Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ֊ն։

Նշվում է, որ Աքարին ու Գյուլերին դիմավորել են «Ազգային համաձայնության կառավարության» պաշտպանության փոխնախարար Սելահադդին Աբդուլլահ ան֊Նեմրուշը, ԶՈւ ԳՇ պետ գեներալ֊լեյտենանտ Մուհամմադ աշ֊Շերիֆը, ՌԾՈւ հրամանատար ադմիրալ Աբդուլհաքիմ Աբուհալիան և Տրիպոլիում Թուրքիայի դեսպան Սերհատ Աքսենը։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի պատվիրակությունն այցելել է հուշագրի շրջանակներում ստեղծված Պաշտպանական անվտանգության համագործակցության և կրթության աջակցության խորհրդատվական հրամանատարություն, որտեղ հանդիպել են լիբիացի և թուրք զինծառայողներին։

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի և Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» միջև ստորագրվել էր «Անվտանգության և ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր, որը Թուրքիայում վավերացվեց դեկտեմբերի 25-ին։

Այս համաձայնագրի հիման վրա էլ Թուրքիան 2020թ. հունվարից պաշտոնապես սկսեց զորք ու զինտեխնիկա ուղարկել Լիբիա՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակի» դեմ կռվելու։


2011 թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *