Հուլիսի 2-ին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկրի ռազմաօդային ուժերի համար 33 միավոր ռուսական կործանիչ՝ 21 միավոր ՄիԳ-29 և 12 միավոր Սու-30ՄԿԻ գնելու պայմանագիրը։ Ընդհանուր 2,43 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռուս-հնդկական գործարքը կնքվել է վերջին շրջանում Հիմալայան լեռներում Չինաստանի և Հնդկաստանի միջև սահմանային գոտում լարվածության աճի ֆոնին։
Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։
Ըստ Հնդկաստանի ՊՆ-ի՝ գրեթե 1 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ՄիԳ-29-երը նախկինում եղել են ՌԴ սպառազինությունում, ապա արդիականացվել են։ Ինչ վերաբերում է 12 միավոր Սու-30ՄԿԻ-ն, ապա գործարքը գնահատվում է 1,4 մլրդ ԱՄՆ դոլար, և նախատեսվում է ինքնաթիռների հավաքումը կազմակերպել Հնդկաստանում՝ պետական Hindustan Aeronautics Limited (HAL) ռազմարդյունաբերական ընկերությունում։ Դրանք Հնդկաստանը գնում է վերջին տարիներին նույն քանակի կործանված ինքնաթիռների կորուստը լրացնելու համար։
Հնդկաստանն ունի իր տարածքում 272 միավոր Սու-30ՄԿԻ կործանիչ արտադրելու արտոնագիր, որով զբաղվում է պետական HAL ընկերությունը։ Այն տարեկան կարող է արտադրել 10-12 ինքնաթիռ։ Ըստ Jane’s-ի՝ ընկերությունը 2021թ. մարտի դրությամբ ավարտելու է 222-րդ կործանիչի արտադրությունը։ Աղբյուրը նշում է, որ ընկերությունը համաձայնել է հավելյալ 12 միավոր կործանիչի արտադրությունն իրականացնել, որպեսզի ակտիվ պահի իր արտադրահոսքը։
Նշենք, որ 33 միավոր կործանիչների գնման վերաբերյալ ռուս-հնդկական բանակցություններն ակտիվացել էին այս տարվա հունիսին։ Հնդկաստանի Ռազմաօդային ուժերը նախատեսում են կործանիչները ստանալ մինչև 2022 թվականը։
«Սու-30ՄԿԻ»-ն «Սու-27» կործանիչների ընտանիքից է և հատուկ հարմարեցված է Հնդկաստանի ներկայացրած պահանջներին։ Այն կարող է կրել մինչև 8 տոննա մարտական բեռ` «օդ-օդ», «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, չկառավարվող հրթիռային արկեր, ավիառումբեր ևն։