Այսօր՝ հուլիսի 1-ին, սիրիական ճգնաժամի վերաբերյալ Աստանայի ձևաչափով եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների միջև։ Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով տեսակոնֆերանսի միջոցով կայացած եռակողմ հանդիպման ավարտին կողմերը 14 կետ պարունակող համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։
Այս մասին տեղեկանում ենք թուրքական պետական TRT լրատվականից։ Վերոնշյալ կետերը հիմնականում վերահաստատում են նախկինում կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունները։
Հանդիպման ընթացքում որոշվել է Սիրիային օգնություն տրամադրել նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի համար։
Երեք երկրների ղեկավարները ողջունել են Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո 2020 թ. օգոստոսին Սիրիայի սահմանադրական խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ որոշումը։
Ընդունված համատեղ հայտարարության մեջ շեշտադրվել է «Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հարևան երկրների ազգային անվտանգության հարցը»։ Կողմերն ընդգծել են սիրիական նավթի բռնագրավման և ապօրինի արտահանման դեմ պայքարում իրենց հետևողականությունը։ Հստակեցվել է տարբեր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում վճռականությունը։
Համատեղ հայտարարության վերջում նշված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամենասեղմ ժամկետում անցկացնել Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումը։ Այն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով, նախատեսվում է իրականացնել Իրանում։