ԱՄՆ կոնգրեսի սենատոր Ջոն Թյունը 2021թ. ֆիսկալ տարվա պաշտպանական բյուջեի նախագծում առաջարկել է ԱՄՆ֊ին գնել Թուրքիայի ձեռք բերած ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը։
Այս մասին հայտնում է ռուսական պետական Риа Новости լրատվական գործակալությունը՝ նշելով, որ նախագծում նշված չէ՝ արդյոք Անկարան կարող է վերավաճառել ռուսական ՀՕՊ համակարգերն առանց Ռուսաստանի թույլտվության։
Նախագծում մեկ այլ սենատոր՝ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Ջիմ Րիշն կրկին առաջարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել ամերիկյան «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրինագծով: Այդ միջոցով պատժամիջոցներ են սահմանված, օրինակ, Իրանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին էլ ԱՄՆ սենատում առաջարկել էին, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը գնեն Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները, որոնց ծրագրից Թուրքիան հեռացվել է ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման համար։