Իրաքում Թուրքիայի ԶՈւ կորուստները հասան 4-ի

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 28-ին Իրաքի հյուսիսային շրջանում իրականացվող «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) ռազմական գործողության ընթացքում քուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է հետևակի մասնագիտացված ավագ զինվոր Ռեջեփ Յուքսելը։

Այսպիսով, այս ռազմագործողության ընթացքում Թուրքիայի զինված ուժերի հայտնի դարձած կորուստների թիվը հասավ 4-ի։ Նախորդ կորուստների մասին հայտնել էին հունիսի 19-ին, 21-ին և 26-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերը հայտնել էին Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) կոչվող ռազմական գործողություն սկսելու մասին։ Այն հաջորդել է հունիսի 15-ի կեսգիշերին սկսված «Ճանկ-արծիվ» մեկօրյա ռազմագործողությանը:

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007 թ-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *