ԱՄՆ ռազմածովային ուժերը ընդլայնում են COVID-19-ի թեստավորման ծավալները

ԱՄՆ Ռազմածովային ուժերը մշակել են զինծառայողների շրջանում նոր կորոնավիրուսի ասիմպտոմ դեպքերը հայտնաբերելու հատուկ ծրագիր, որը կոչվում է Պաշտպանական զննության թեստավորում (Sentinel Surveillance Testing): Այն հնարավորություն կտա լրջորեն սահմանափակել զինված ուժերում վարակի բռնկման դեպքերը, ինչպես նաև կօգնի վաղ փուլում հայտնաբերել հիվանդության հավանական երկրորդ ալիքը:

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ՌԾՈւ պաշտոնական կայքէջից:

ՌԾՈւ վերոհիշյալ ծրագրի առաջին փուլը սկսվել է հունիսի 25-ին: Նախատեսվում է 2-շաբաթյա ժամկետում իրականացնել թեստավորում և զեկույցներ կազմել վարակի փոխանցման ուղիների, դրանց դեմ պայքարի միջոցների վերաբերյալ: 

Ռազմածովային ուժերի պաշտոնյաների պնդմամբ՝ նախկինում իրականցվող կանխարգելիչ միջոցառումները հիմնականում ուղղված էին տարբեր վայրերում տեղակայված ստորաբաժանումները վիրուսից զերծ պահելուն: Այժմ բավարար հնարավորություններ կան թեստավորման ծավալներն ընդլայնելու համար, ինչը թույլ կտա կանխել վարակի տարածումը ռազմածովային ուժերի տարբեր ստորաբաժանումներում՝ մինչև տեղակայվելը և տեղակայվելիս:

Հիշեցնենք, որ 2020 թ. մարտի վերջին կորոնավիրուսային վարակի բռնկում էր գրանցվել ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի անձնակազմի շրջանում: Ավելի ուշ պարզվել էր, որ շուրջ 4800-հոգանոց անձնակազմից ընդհանուր առմամբ վարակվել էր 1273 զինծառայող, մահացել՝ մեկը: Ռազմածովային ուժերի հրամանատարությունը սկզբում կարծում էր, թե վիրուսը նավ էր թափանցել Վիետնամի նավահանգիստներից մեկից, իսկ հետագայում ենթադրվում էր, որ զինծառայողները վարակվել են մատակարարում իրականացնող թռիչքային անձնակազմից։ 

Հավելենք, որ հունիսի 26-ի դրությամբ ԱՄՆ զինված ուժերում հաստատված վարակակիրների թիվը 15 577 է, որոնցից ապաքինվել է 8 244-ը, մահացել՝ 37-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *