Հունիսի 25-ին Ուկրաինայի Կառավարությունը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմա-ֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիրը, որով նախատեսվում է երկրի զինված ուժերի կարիքների համար Թուրքիայից 205 մլն թուրքական լիրա (~35 մլն ԱՄՆ դոլար) օգնություն ստանալ:
Այս մասին հայտնում է ուկրաինական Корреспондент.net լրատվակայքը:
Հատկացված միջոցները նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի համար որոշ ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև առաջիկա հինգ տարիների ընթացքում Թուրքիայի ԶՈւ ուսումնական կենտրոններում ուկրաինացի զինվորականներին ուսումնառության ուղարկելու համար:
Ռեջեփ Թայիփ Էրդողան և Վլադիմիր Զելենսկի
Վերոհիշյալ համաձայնագիրը 2020 թ. փետրվարի 3-ին ստորագրել էին նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Կիևում կայացած Թուրքիա-Ուկրաինա բարձրաստիճան ռազմավարական խորհրդի 8-րդ համաժողովի ժամանակ:
Նշենք, որ Թուրքիա-Ուկրաինա բարձրաստիճան ռազմավարական խորհուրդը ստեղծվել է 2011 թ․՝ կողմերի միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Նմանատիպ խորհուրդներ ստեղծվել են Թուրքիայի և նրա մի շարք հարևանների միջև։
Հավելենք, որ 2019 թ. մարտին Ուկրաինայի զինուժը համալրվել է թուրքական արտադրության «Բայրաքթար» (Bayraktar TB2) հարվածային անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ)։ Իսկ նույն թվականի ապրիլին ուկրաինական «Սպեցտեխնոէքսպորտը» մի քանի պայմանագրեր է կնքել թուրքական Aselsan և MKEK ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, որոնցով Ուկրաինան նախատեսում էր ստանալ հակատանկային միջոցների համար ջերմադիտարկման սարքեր և ռադիոկապի միջոցներ, իսկ Թուրքիան՝ 120 մմ տրամաչափի «Կոնուս» հակատանկային կառավարվող հրթիռներ։
2019 թ․ օգոստոսին էլ Ուկրաինայում հիմնադրվել է թուրք-ուկրաինական Black Sea shield ձեռնարկությունը, որի մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչներով 2019 թ. նոյեմբերին փորձարկվեց թուրքական «Աքընջը» հարվածային ԱԹՍ-ն։