Կարտադրվի շարժիչի խնդիր ունեցող թուրքական «Ալթայ» տանկի մի քանի միավոր

Թուրքիայում աշխատանքներ են տարվում մի քանի միավոր տեղական «Ալթայ» տանկ արտադրելու համար։ Տանկի արտադրության գլխավոր խոչընդոտներից այժմ շարժիչի արտադրությունն է, այս մի քանի միավորը նախատեսվում է արտադրել նախկինում, հավանաբար Գերմանիայից, մատակարարված շարժիչներով։

Սկսված գործընթացի մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմաիլ Դեմիրը՝ նշելով, որ հնարավոր է 4-5 միավոր տանկի արտադրություն։ Նա ասել է նաև, նախկինում այդ շարժիչներով տանկերը չեն արտադրվել, քանի որ անհրաժեշտ էր նախ մի քանի տարի սպասել, փորձարկել։

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ
Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Նշենք, որ ամսվա սկզբին Դեմիրը հայտարարել էր` շարժիչի արտադրության հարցում որոշ առաջընթաց կար, բայց տանկերը նախորոք սահմանված ժամանակահատվածում չեն հասցնի դնել սերիական ատրադրության։

Հիշեցնենք, որ տանկի նախագիծը հիմնված է հարավկորեական K2 Black Panther տանկի լուծումների վրա։ Հարավկորեական տարբերակի շարժիչն արտադրում է գերմանական MTU ընկերությունը:

«Ալթայ» տանկի համար ևս փորձ արվեց համագործակցել MTU ընկերության հետ, սակայն արդյունքում ստեղծվեց միայն տանկի 4 նախատիպ։ Այս համագործակցությունը չեղարկվեց, քանի որ MTU-ն, ինչպես նաև այլ գերմանական ընկերություններ, պետք է հետևեն, որ տանկերը հետագայում չհայտնվեն զենքի վաճառքի էմբարգոյի գերմանական ցուցակի երկրներում, այդ թվում նաև՝ Ադրբեջանում:

2018 թ. նոյեմբերի 9-ին ՊԱԳՎ և BMC ընկերության միջև ստորագրվեց «Ալթայ» տանկերի սերիական արտադրության պայմանագիր։ Նախկինում հայտարարվել էր, որ ամենայն հավանականությամբ տեղական տանկերն արտադրվելու են թուրք-կատարական BMC ռազմարդյունաբերական ընկերության դուստր ձեռնարկություն BMC Power-ի տեղական արտադրության շարժիչներով, որոնց միայն նախատիպերն ընկերությունը նախատեսում է ներկայացնել մոտ 3 տարուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *