Հունիսի 22-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ թուրքական արտադրության «Հիսար Օ» միջին հեռահարության ՀՕՊ համակարգերը տեղակայվել են Սիրիայի հետ սահմանին։
Այս մասին տեղեկանում ենք թուրքական Sabah թերթից։
Թեև Իսմայիլ Դեմիրը դեռ մարտի 3-ին՝ Սիրիայի բանակի դեմ Իդլիբում փետրվարի 27-ից սկսված «Գարնանային վահան» (Bahar kalkanı harekâtı) գործողության ընթացքում, հայտնել էր «Հիսար Օ» ՀՕՊ համակարգերը մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում տեղակայելու մտադրության մասին, սակայն համակարգի առաջին խմբաքանակը միայն այսօր է հասել սահմանային գոտի։

Նշենք, որ թուրքական միջին հեռահարության «Հիսար Օ» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգը սկսել է մշակվել 2007 թվականից։ ՀՕՊ համակարգի արձակման կայանը և հրթիռներն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը, իսկ ռադարային և ղեկավարման համակարգերը՝ «Ասելսանը»։ Այս համակարգի փորձարկումները հաջողությամբ են ավարտվել 2016 թվականին։
«Հիսար Օ» համակարգն ունի 18 արձակման կայան, խոցման առավելագույն հեռավորությունը 25 կմ է, 15 կմ բարձրության վրա կարող է հայտնաբերել 40-60 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական ինքնաթիռներ և միաժամանակ հետևել 60 թիրախների: