Այսօր՝ հուլիսի 4-ին, Կառավարության շենքի դիմաց նստացույց է սկսել «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ Ըստ Խաչատրյանի՝ նա նստացույցում ներկայացնում է ոչ թե խորհուրդի, այլ հենց իր պահանջը զինդատախազությունից։

Մարգարիտա Խաչատրյան
«Մինչև օրս ոչ մի քրեական գործ օբյեկտիվ քննություն չի ստացել, ոչ մի գործ չի բացահայտվել, որոնցից մեկն էլ ես եմ»,- նշեց Մարգարիտա Խաչատրյանը։
Նշենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը նախաձեռնել է ստեղծել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատական է ներկայացնելու` այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:
Մարգարիտա Խաչատրյանը բողոքում է, որ «Հանձնաժողով սկսի ոչ միայն 2011 թվականի չբացահայտված դեպքերի ուսումնասիրել, այլ 1994 թվականի զինադադարից հետո մնացած գործերը։ Բուն պահանջս այն է, որ անմեղ մարդկանց չդատապարտեն, զինդատախազությունը պատասխան տա չբացահայտված գործերի համար»։
Այս պահի դրությամբ ո´չ կառավարությունից, ո´չ էլ զինդատախազությունից Մարգարիտա Խաչատրյանի հետ որևէ մեկը կապի մեջ չի մտել։
Նստացույցը անժամկետ է։ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը Կառավարության շենքի դիմաց կլինի մինչև ուշ երեկո։ Վաղը նույնպես կշարունակի, եթե որևէ առաջարկություն ու լուծում չառաջարկվի։
One response to “Մարգարիտա Խաչատրյանի նստացույցը՝ Կառավարության շենքի դիմաց”