Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքում կրկին կորուստ ունի

Հունիսի 21-ի գիշերը Թուրքիայի ՊՆ֊ն հայտնել է Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում հունիսի 17-ից իրականացվող «Ճանկ-վագր» ռազմական գործողության արդյունքում ևս մեկ թուրք զինծառայողի կորստի մասին։

Սպանվածը հետևակի մասնագիտացված ավագ զինվոր, 22-ամյա Էրթուղրուլ Քյոսեն է։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բախման հետևանքով վիրավորված զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Սա պաշտոնապես Թուրքիայի ԶՈւ երկրորդ կորուստն է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ հունիսին սկսված ռազմագործողությունների ընթացքում։ Նախորդ կորստի մասին հայտնել էին հունիսի 19-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերը հայտնել էին Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) կոչվող ռազմական գործողություն սկսելու մասին։ Այն հաջորդել է հունիսի 15-ի կեսգիշերին սկսված «Ճանկ-արծիվ» (թրք․՝ “Pençe-Kartal operasyonu”) մեկօրյա ռազմագործողությանը:

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007 թ-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *