Չինաստանի ռազմաօդային ուժերը վերջին 2 տարիների ընթացքում ստացել են 6 արդիականացված, ռազմավարական Xian H-6K ռմբակոծիչներ, որոնք իրենցից ներկայացնում են խորհրդային Տու-16-երի փոփոխված տեսակը։
Ինչպես հաղորդում է «Strategy Page» պարբերականը, ռազմական ինքնաթիռների այս տարբերակն ընդունվել է Չինաստանի ՌՕՈւ կողմից դեռևս 2011-ին։ Շնորհիվ իր թռիչքային ու խոցելու հեռահարության՝ ռմբակոծիչն ունակ է թևավոր հրթիռներով հարվածել թիրախներին։
Xian H-6K-ն զինված է առավել արդիականացված, ռուսական արտադրության Դ-30ԿՊ2 շարժիչներով, ինչի շնորհիվ էլ թռիչքի երկարությունն աճել է՝ հասնելով 3,5 հազար կմ-ի։ Ինքնաթիռը հագեցած է նաև չինական արտադրության, կողային ռադիոէլեկտրոնային սարքերով, այդ թվում՝ ռադիոտեղորոշման կայանով։ Ինքնաթիռի կմախքի կառուցվածքում կիրառվել են առավել թեթև և ամուր նյութեր։
Արդիականացված չինական ռմբակոծիչը կարող է արձակել CJ-10A տեսակի թևավոր հրթիռներ, որոնց կշիռը 2 տոննա է, խոցելու հեռահարությունը՝ մոտ 2 հազար կմ։ H-6K-ի մարտական բեռնվածությունը կազմում է 12 տոննա։ Ռմբակոծիչի առաջին թռիչքը կայացել է 2007-ին։
Ներկայումս Չինաստանի բանակը զինված է շուրջ 200 միավոր H-6 տիպի ռմբակոծիչներով, որոնցից ակտիվ կազմում են 100-ը։ Համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ Չինաստանը մտադիր է ձեռք բերել H-6K տիպի ռմբակոծիչներից 20 միավորից ոչ ավել։