Թուրքիայի ԶՈւ-ն ավարտել է Իրաքի հյուսիսում սկսած ավիացիոն գործողությունը

Հունիսի 15-ի կեսգիշերին Իրաքի հյուսիսում, մասնավորապես՝ Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զապ, Ավաշին Բասիան և Հաքուրք բնակավայրերում Թուրքիայի ռազմաօդային ուժերն, ըստ Թուրքիայի ՊՆ-ի, խոցել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) շուրջ 81 թիրախ։

Ավիացիոն գործողությունն, ըստ Թուրքիայի ՊՆ֊ի, ավարտվել է, թուրքական կործանիչներն ու անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) վերադարձել են իրենց տեղակայման բազաներ։

Թուրքիայի պաշտոնական աղբյուրները նաև տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում են գործողության ընթացքում խոցված քրդական դիրքերը կամ թիրախները։ Ռազմինֆոն կարողացել է գեոլոկացնել այդ թիրախներից, օրինակ, մեկը, որը Սինջարի լեռներում է։

Վերևում Թուրքիայի ԶՈւ հրապարակած կադրերից է, ներքևում՝ տեղորոշումը արբանյակային լուսանկարում. Սինջարի լեռներ

Նշենք, որ չնայած մեկօրյա գործողության ավարտին, Թուրքիայի ՊՆ֊ն շարունակում է հայտնել, որ Իրաքի հյուսիսում կրկին քուրդ զինյալներ են սպանվել։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ի կեսգիշերին Թուրքիայի ՊՆ֊ն հայտարարեց Իրաքի հյուսիսում «Ճանկ֊արծիվ» կոչվող ռազմական գործողություն սկսելու մասին։ Բաց աղբյուրները հայտնում էին, որ գործողությանը ներգրավվել են մոտ երկու տասնյակ թուրքական կործանիչներ և ԱԹՍ֊ներ։

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։ Թուրքական կողմը նախատեսում է վերացնել PKK-ի բոլոր ճամբարները և դրանց տեղում իր բազաները ստեղծել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *