Թուրքիան չի ցանկանում, որ Լիբիայի բանակցությունների մի կողմը Հաֆթարը լինի

Թուրքիայի տեսանկյունից Լիբիայի արևելյան իշխանության՝ Տոբրուք քաղաքում գտնվող Ներկայացուցիչների պալատի ղեկավար Աքիլյա Սալեհ Իսան դիտարկվում է որպես բանակցությունների ընդունելի գործընկեր, քանի որ նա է այդ կողմի ընտրված ներկայացուցիչը։ Թուրքական կողմը ցանկանում է, որ բանակցություններում հենց վերջինս ներկայացնի Լիբիայի արևելյան կողմը՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի փոխարեն։

Այս մասին Middle East Eye լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է Լիբիայում Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց Էմրուլլահ Իշլերը։

Իշլերի պնդմամբ՝ «Լիբիայի ազգային բանակի» (LNA) ղեկավար Խալիֆա Հաֆթարը շուտով կկորցնի նաև Ռուսաստանի աջակցությունը, իսկ Աքիլյա Սալեհը, որպես քաղաքական գործիչ, կարող է նպաստել բանակցությունների արդյունքում գործարքի կայացմանը։

Ձախից աջ՝ գեներալ Խալիֆա Հաֆթարը, Ալիքյա Սալեհ Իսսան և արևմտյան կառավարության ղեկավար Ֆայիզ ալ Սարաջը
Ձախից աջ՝ գեներալ Խալիֆա Հաֆթարը, Աքիլյա Սալեհ Իսան և արևմտյան կառավարության ղեկավար Ֆաիզ ալ-Սարաջը

Ըստ թուրք բանագնացի՝ քաղաքական բանակցություններ սկսելու և հրադադարի հասնելու համար Լիբիայի արևմուտքում գործող «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) կարծիքով անհրաժեշտ են որոշակի տարածքային ձեռքբերումներ: Մասնավորապես, նրանք ցանկանում են գրավել հյուսիսային Սիրթ քաղաքը և ալ-Ջուֆրա ռազմաբազան, որոնք երկուսն էլ ռազմավարական կարևոր նշանակություն ունեն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի արևմտյան կառավարության ուժերին վերջերս հաջողվել էր գրավել մայրաքաղաք Տրիպոլիում ու դրա շուրջ գտնվող մի շարք բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ինչի հետևանքով Հաֆթարի ուժերը նահանջել են դեպի արևելք․ ռազմավարական կարևոր նշանակության ալ-Վաթիյա ավիաբազան ուժերը գրավվել էր մայիսի 18-ին, իսկ մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանը՝ հունիսի 4-ին։ Բացի այդ, այժմ թեժ մարտեր են ընթանում նաև Սիրթ բնակավայրի գրավման համար, սակայն գեներալ Հաֆթարի ուժերը դեռ կարողանում են ճնշել արևմտյան ուժերի առաջխաղացումը։

Տրիպոլիի միջազգային օդակայանը
Տրիպոլիի միջազգային օդանավակայանը

Հավելենք նաև, որ հունիսի 1-ին Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը հայտարարեց, թե հակամարտող կողմերը համաձայնել են երկրում հրադադար հաստատելու համար վերսկսել բանակցությունները։ Իսկ հունիսի 15-ին Ստամբուլում նախատեսվում էր Լիբիայի հարցի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների քննարկումները, սակայն ռուսաստանյան պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվեց։ Դրա հայտարարված պատճառն այն էր, որ կողմերը դեռ պետք է վերջնական համաձայնության գան Լիբիայի հարցով։


2011 թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *