Առաջիկայում Աստանայի ձևաչափով հանդիպում կլինի Իրանում. Ջավադ Զարիֆ

Հունիսի 15-ին Ստամբուլում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հանդիպման ավարտին գործընկերները հանդես են եկել մամլո ասուլիսով։

Այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը։

Երկու երկրների արտգործնախարարներն ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ մոտ ապագայում սիրիական ճգնաժամի վերաբերյալ Աստանայի ֆորմատով եռակողմ հանդիպում է սպասվում, որը տեղի է ունենալու Իրանում։ Իսկ մինչ հանդիպումը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև բանակցությունները շարունակվելու են տեսակոնֆերանսների միջոցով։

Իրանի ԱԳՆ Ջավադ Զարիֆ և Թուրքիայի ԱԳՆ Մեվլյութ Չավուշօղլու

Անդրադառնալով նախորդ օրը Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների միջև կայանալիք, սակայն անսպասելիորեն հետաձգված հանդիպմանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշեց, որ իրենց ռուս գործընկերների հետ որևէ լուրջ տարաձայնություն չկա։ Հանդիպման հետաձգումը երկկողմ պայմանավորվածության արդյունք է, որի նպատակը Լիբիայում վերջնական հրադադար հաստատելու նպատակով հակամարտության բոլոր կողմերի հետ համաձայնության գալն է։

Իրանի ԱԳՆ Ջավադ Զարիֆն իր հերթին հավելեց նաև, որ կողմերը համաձայնության են եկել հունիսի վերջից Իրանից Թուրքիա գազի մատակարարումը վերսկսելու հարցում։

Նշենք, որ նախապես պլանավորված էր ռուսական ու իրանական պատվիրակությունների հետ երկկողմ հանդիպումներից հետո Թուրքիայում անցկացնել նաև Ռուսաստանի ու Իրանի ներակայացուցիչների հետ միասին եռակողմ հանդիպում, որի ընթացքում պետք է քննարկվեին տարածաշրջանային հարցեր, սակայն ՌԴ պատվիրակության այցը Թուրքիա ժամանակավորապես հետաձգվեց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *