2020-ին ԱՄՆ-ն Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

Հունիսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսը, համաձայն ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի առաջարկի, հաստատել է 2020 թ. ֆիսկալ տարվա համար Ուկրաինայի ռազմական օգնության փաթեթը։ 250 միլիոն դոլար արժողությամբ փաթեթը տրվում է «Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնություն» (USAI) ծրագրի շրջանակներում:

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան կայքէջից։

Մինչ օրս նշված գումարի կեսի (125 միլիոն դոլար) բաշխումը կախված էր ԱՄՆ Կոնգրեսում «պաշտպանական և հակակոռուպցիոն ոլորտների առանցքային բարեփոխումներում Ուկրաինայի առաջընթացը» վկայակոչելու անհրաժեշտությունից, ինչն էլ արվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից:

Օգնության փաթեթով նախատեսվում է, որ Ուկրաինան ձեռք կբերի ծովային, օդային պաշտպանության և վերահսկողության միջոցներ, ինչպես նաև կիբերանվտանգությունն ապահովելու և կիբերհարձակումներին ու ապատեղեկատվությանը հակազդելու միջոցներ:

Դեռևս 2019 թ. օգոստոսին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հապաղում է 250 միլիոն դոլարի ռազմական օգնությունը Ուկրաինային հատկացնելու հարցում։ Նախագահ Թրամփն իր ազգային անվտանգության թիմին խնդրել էր վերանայել ֆինանսավորման ծրագիրը, որպեսզի գումարն օգտագործվի առավելագույնս Միացյալ Նահանգների շահերից ելնելով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *