Կարծում եմ` պատրաստ եմ ծառայելու. Արմեն Խաչիկյան

Ռազմինֆոն ներկայացնում է հեղինակային շարք՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այսօրվա զրուցակիցն է վանաձորցի Արմեն Խաչիկյանը։

Նա ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը։

598582_493181527385830_37833296_n copy

— Ինչպիսի՞ն է Ձեզ մոտ նախաբանակային տրամադրությունը։

21 տարեկան եմ, և հետաքրքիր կլինի զինվորական ծառայություն իրականացնել փոքր ինչ մեծ տարիքում։

—  Այսինքն` հիմա հոգեբանորեն պատրա՞ստ եք։

Հոգեբանորեն միանշանակ պատրաստ եմ, իհարկե, մի քանի շաբաթ է, ինչ իմացել եմ, որ պիտի ծառայեմ, բայց արդեն համակերպվել և հոգեբանորեն պատրաստվել եմ։

— Ամեն դեպքում անակնկա՞լ էր Ձեզ համար, որ բանակ եք գնալու։

Այո, մինչ այդ գրեթե վստահ էի, որ չեմ մեկնելու ծառայության, սակայն մի քանի շաբաթ առաջ պարզ դարձավ, որ լիարժեք պիտանի եմ ծառայության: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ ես միշտ էլ պատրաստ եմ եղել ծառայել հայոց պետականությանը:

—  Եթե հնարավորություն ունենայիք խուսափել ծառայությունից, կօգտվեի՞ք։

Հնարավորություններ ունեցել եմ ու բազմաթիվ հնարավորություններ, սակայն, եթե ըստ օրենքի պիտանի եմ ծառայության, ապա ուզում եմ ծառայել։

—  Ինչի՞ համար եք գնում բանակ, եթե առավելագույն անկեղծ լինեք։

Բազմաթիվ երիտասարդներ հաճախակի քաղաքականացնում են բանակում ծառայելու հանգամանքը և պարզաբանում են թե `«ո՞ւմ համար ծառայեմ,  օլիգարխ իշխանավորների,  իրենց տղաները չեն ծառայում,  իսկ մենք տանջվելով ծառայում ենք»։

Ես մշտապես կիսում եմ կարծիքն այն մասին, որ բազմաթիվ իշխանական գործիչներ կան, որոնք քարոզում են զինծառայությունը, սակայն կոռուպցիոն ճանապարհներով զինծառայությունից ազատում են իրենց տղաներին: Դա ուղղակի ազգի դավաճանություն և անբարոյականություն է:

Սակայն մի շատ կարևոր բան` ես ծառայում եմ հանուն հայոց պետականության, ծառայում եմ իմ հայրենիքին, ծառայում եմ իմ երկրին:

—  Ընտանիքում ինչպիսի՞ն է վիճակը, նրանց դեպքում անակնկալը ավելին էր, կարծում եմ:

Ընտանիքում էլ էր անանկնալ իմ բանակ գնալու փաստը, սակայն իմ որոշումները միանշանակ են ընդունվում ընտանիքում, և ես թույլ չտվեցի ընտանիքում իրավիճակը վերանայելու կամ փոփոխելուն ուղղված փորձեր արվեն:
Ծնողներս միակ որդին եմ ու շատ կապված ծնողներիս հետ և բավականաչափ դժվար կլինի նրանց համար, բայց, ամեն դեպքում, պետք է հաղթահարել այս փոքրիկ փորձությունը:

—  Ընտանիքում ամենահուզվածը ո՞վ է։

Մայրս է ամենահուզվածը, քանզի ինձ յուրահատուկ կերպով շատ է սիրում: Բնության և հասարակության մեջ առկա մայրության գիտակցումից և դրսևորումներից առավել վեր է իմ մոր սերն ու վերաբերմունքն իմ հանդեպ: Եվ չնայած այս ամենին, վստահ եմ, որ թե´ մայրս, թե´ ընտանիքիս մյուս անդամները, և թե´ ընկերներս որոշ ժամանակ անց կհամակերպվեն իմ երկամյա բացակայությանը։

—  Ամեն դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ծառայության երկու տարին։

Դժվարություններով ու հետաքրքրություններով լեցուն ժամանակաշրջան, որի օգտակարությունը տարիներ հետո է երևալու։

—  Պատկերացնելուց զատ, ինչպե՞ս եք պատրաստվում ծառայությանը։

Միգուցե անհամեստ թվա, սակայն ես կարծում եմ պատրաստ եմ ծառայելու, և առանձապես պատրաստվելու կարիք չկա, միևնույն ժամանակ կարծում եմ ամեն ինչ տեղում է պարզ դառնում։ Քանի դեռ դու չգիտես՝ քեզ ինչ է սպասվում, պատրաստվելն անօգուտ է, ամեն ինչին ընթացքում ես ծանոթանում, հասկանում, հարմարվում և պատրասվում հաջորդ իրավիճակին:

—  Ի՞նչ եք կարծում, այն որ ավելի մեծ հասակում եք գնում Ձեզ կօգնի, թե՞ կխանգարի։

Իհարկե, առավելություն կլինի և կօգնի ինձ: Աստված տա դժվարությունները թեկուզ քիչ չլինեն, սակայն հաղթահարելի լինեն և օգտակար հետագա կյանքում։

—  Կրակել գիտե՞ք։

Դեռևս փոքր հասակից առիթներ եղել են տարբեր զենքերից կրակելու, և կարծում եմ վատ չի ստացվում:
Առավելապես կրակել եմ Ակ 74 ինքնաձիգով, սակայն շատ եմ հավանում ՍՎԴ և Սև նետ (Черная стрела) դիպուկահար հրացանները, որոնց նշանառությունը շատ բարձր է:

—  Վերջիններից կրակե՞լ եք:

Բախտ է վիճակվել ՍՎԴ-ից կրակել, սակայն Սև նետից չեմ կրակել, բայց տվյալներին ծանոթանալով արդեն լիարժեք պատկերացում եմ կազմել, թե ինչպիսի զենք է։

942062_528675107169805_908644770_n copy

—  Ի՞նչը կամ ում ամենաշատը կկարոտեք։

Թերևս մի գաղտինք բացեմ, որը շատերը չգիտեն ու չեն էլ զգացել. ես չափազանց զգացմունքային եմ, սակայն դա իմ գործողություններում գրեթե չի երևում: Հուսով եմ այս հանգամանքը ինձ չի խանգարի և կկարողանամ դիմանալ կարոտին: Կկարոտեմ ինձ հոգեհարազատ մարդկանց. իմ ծնողներին, ընկերներին, բարեկամներին: Կկարոտեմ այն իրավիճակները, այն իրադարձությունները, որոնք եղել են իմ կյանքում, որոնք դժվար թե կրկնվեն: Հետաքրքիր է, բայց շատ կարոտելու բան ունեմ։ Չափազանց լեցուն երիտասարդություն ու պատանեկություն եմ ունեցել, ու բազմաթիվ օրեր են եղել, որոնց նույնիսկ հիմա եմ կարոտում:

—  Եթե թողնեին ինչ-որ բան Ձեզ հետ բանակ տանել, ապա ի՞նչ կվերցնեիք։

Ամեն ինչ, կամ՝ ոչինչ։ Ու քանի որ ամեն ինչ տանելն անհնար է,  հետևաբար՝ ոչինչ։ Իմ անուն ազգանունով, առանց ամսաթվի զորացրվելու կնիքած, ստորագրված հրաման,  որ երբ ցանկանայի զորացրվեի։  (Ծիծաղում է)

—  Զինվորի առաքելությունը ըստ Ձեզ ո՞րն է։

Զինվորը պետք է գիտակցի, որ օրգանիզմի օրգաններից մեկի բջիջներից է, և պետք է լիարժեք կերպով կատարի իր պարտականությունը, արդյունավետ գործող բջիջներից ձևավորված օրգանը իր ֆունկցիան կատարելով նպաստի օրգանիզմի պահպանմանն ու զարգացմանը: Զինվորի առաքելությունը հայոց ազգային գաղափարախոսությունը իր գիտակցության հիմքում ունենալով, հանուն հայրենիքի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակի բանակում պատվով ծառայելն է:

—  Իսկ Ձեզ որպես պայմանագրաին զինծառայող պատկերացնո՞ւմ եք։

Այո, պատկերացնում եմ, հնարավորության դեպքում միգուցե սովորեմ ռազմական ինստիտուտում, սակայն դա պարզապես ռազմական կրթություն ունենալու և անհրաժեշտության դեպքում կիրառելու համար, սակայն ոչ որպես գումար աշխատելու կամ կարիերա ունենալու միջոց:

—  Այսինքն ամեն դեպքում Ձեզ զինվորականի ապրելակերպով, կյանքով պատկերացնո՞ւմ եք։

Պատկերացնում եմ, սակայն, ոչ երկարատև,  որովհետև դա իմը չէ: Սակայն կգնամ այդ քայլին, որպեսզի պատրաստ լինեմ անհրաժեշտության դեպքում առավել մեծ ներուժ ներդնել հանուն ընհանուր նպատակի։

—  Սպորտով զբաղվել կամ զբաղվո՞ւմ եք։

Դպրոցական տարիներին ֆուտբոլով,  ըմշամարտով, բասկետբոլով:

—  Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ բանակից հետո՝  երկու տարի անց։

Ավելի քիչ զգացմունքային, ավելի շատ ռացիոնալ, նույնը, ուղղակի արդեն գրպանումս մի թուղթ ավելի (ժպտում է)։

—  Ինչպե՞ս եք վերաբերում աղջիկների ծառայությանը։

Ամեն անգամ Եռաբլուր այցելելիս առանձնահատուկ այցելում եմ Սոսե մայրիկի շիրիմին և ոգեշնչվում եմ հայ կնոջ տեսակով: Իրականում շատ լավ կլինի, որ կնոջ մեղմությունը զենքով պարուրելու կարիք չլինի, բայց մեր պարագայում դրա կարիքը կա և մինիմալ զինվորական պատրաստվածությունը ոչ ոքի չէր խանգարի։

—  Բանակում ինչի՞ց եք «վախենում»։

Ինքս իմ տիրապետությունը կորցնելուց:

Ինչպես նաև մարդկային սկզբունքներից շեղումից ու անմարդկային որևէ դրսևորումից։

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

One response to “Կարծում եմ` պատրաստ եմ ծառայելու. Արմեն Խաչիկյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *