Հունիսի 11-ին ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովը (SASC) հաստատել է 2021 թ. ֆիսկալ տարվա բյուջեում փոփոխություն մտցնելու առաջարկը, որով նախատեսվում է լրացուցիչ ձեռք բերել 16 միավոր F-35 կործանիչ, այդ թվում՝ Թուրքիային հատկացվելիք 6 միավոր F-35-ները, դրանց ընդհանուր թիվը հասցնելով 95-ի։
9,1 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ բյուջեի նախագիծը դեռևս վերջնական չէ։ Ներկայացուցիչների պալատը ևս պետք է պատրաստի սեփական օրինագիծը և համոզվի, որ այն համահունչ է Սենատի տարբերակին։
Սենատի Հանձնաժողովի վավերացրած նախագծով 6 միավոր F-35A կործանիչները, որոնք վաճառվել էին Թուրքիային, սակայն ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով այդպես էլ չէին մատակարարվել, անհրաժեշտ փոփոխությունների ենթարկվելուց հետո տրամադրվելու են ԱՄՆ ռազմաօդային ուժերին։
Ընդհանուր առմամբ Սենատի առաջարկած փոփոխությամբ նախատեսվում է 2021թ․ ֆիսկալ տարվա համար Պենտագոնի առաջարկած 79 միավորից բացի հավելյալ ձեռք բերել 16 միավոր F-35 կործանիչ։ Դրանցից 12 միավոր F-35A կործանիչները կտրամադրվեն ԱՄՆ ռազմաօդային ուժերին, ևս 2 միավոր F-35B-երը՝ Ռազմածովային կորպուսին, 2 միավոր F-35C կործանիչները՝ Ռազմածովային ուժերին։
Հիշեցնենք, որ դեռևս 2002 թվականից Թուրքիան մասնակցում է Համատեղ հարվածային կործանիչների ծրագրին (Joint Strike Fighter program), որի շրջանակներում ամերիկյան Lockheed Martin ընկերության և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջև կնքվել էր 5-րդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման պայմանագիր։ Խոսքը շուրջ 100 կործանիչի մասին էր, որոնցից վեցն արդեն վաճառվել էին, սակայն շարունակում էին մնալ ԱՄՆ-ում, որպեսզի թուրք օդաչուները դրանցով ուսումնական թռիչքներ իրականացնեն։
Սակայն թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն սկսվեց 2017 թ. դեկտեմբերին Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման մոտ 2,5 մլրդ դոլարի գործարքի կնքումից հետո։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մշտապես նշում էին, որ Ս-400-ները չեն կարող ներգրավվել ՆԱՏՕ ընդհանուր ՀՕՊ համակարգի մեջ:
Համակարգերի մատակարարման առաջին փուլը սկսվեց 2019թ․ հուլիսի 12-ից։ Իսկ 2019թ. հուլիսի 17-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Թուրքիայի անդամակցությունը F-35-երի ծրագրին պաշտոնապես դադարեցվում է։ Այնուհետև թուրք օդաչուները, կիսատ թողնելով դասընթացները, վերադարձան Թուրքիա։