Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ երկրի զինված ուժերի զինանոցը կհամալրվի ամերիկյան Javelin տեսակի հակատանկային համակարգերի լրացուցիչ խմբաքանակով: Մինչ այժմ Վրաստանը Միացյալ Նահանգներից ձեռք է բերել 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան:
Այս մասին, վրացական «Գրուզիա օնլայն» հարթակի փոխանցմամբ, հունիսի 11-ին հայտնել է Վրաստանի ՊՆ ղեկավարը:
Պաշտպանության նախարարությունից նաև նշել են, որ արդիականացվելու են հակաօդային զենիթահրթիռային համակարգերը, թարմացվելու է ավիապարկը՝ ներառյալ Սու-25 ինքնաթիռներն ու Մի-24 ուղղաթիռները:
Նշենք նաև, որ հասկանալի չէ, թե Վրաստանի ԶՈւ ավիապարկում մնացած Սու-25-երն ընդհանրապես մարտունակ են, թե ոչ:
Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրներ վաճառելու մասին որոշումը ԱՄՆ պետքարտուղարությունը հավանության էր արժանացրել դեռ 2017 թ. նոյեմբերի 20-ին: Վրացական կողմը պետք է ստանար 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան, ինչպես նաև 10 միավոր ուսումնական համալիր և 70 միավոր ուսումնական հրթիռ: 75 մլն դոլար արժողությամբ համալիրների մատակարարման առաջին փուլն ավարտվել էր 2018 թ. հունվարի 23-ին, երկրորդ փուլը՝ 2019 թ. ապրիլի 4-ին:
2020 թ. փետրվարի 28-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, 18,4 մլն դոլարի նոր պայմանագիր է կնքել Raytheon/Lockheed Martin Javelin JV ընկերության հետ՝ գործընկեր երկրների համար Javelin հակատանկային հրթիռային համալիրների նոր խմբաքանակի արտադրելու վերաբերյալ: Այդ գործընկեր երկրների թվում է նաև Վրաստանը: Արտադրությունը նախատեսվում է ավարտել 2025 թ․ հունիսի 25-ին։
Հավելենք, որ Javelin հրթիռային համալիրները աշխարհի լավագույն հակատանկային միջոցներից են համարվում։ Շահագործման են հանձնվել 1996 թվականից: Հրթիռի տրամաչափը 127 մմ է, ուղղորդվում են ինքնանշանառման ջերմային գլխիկով, կրակի առավելագույն հեռահարությունը մինչև 4.7 կմ է: