Ռուսաստանը ցանկանում է ավելացնել հոսպիտալ-նավերի թիվը

Ռուսաստանի կառավարությունը քննարկում է նոր հոսպիտալ-նավեր ձեռքբերելու հարցը։ Դիտարկվում է երկու տարբերակ՝ նավեր ձեռք բերել Չինաստանից և վերակահավորել կամ արտադրել երկրում։

Այս մասին, սեփական աղբյուրներին վկայակոչելով, գրում է «Կոմերսանտ» պարբերականը։ Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն առաջարկում է Չինաստանից գնել երկու բեռնատար նավ և 3 տարվա ընթացքում դրանք վերակահավորել հոսպիտալ-նավերի, ինչը ՌԴ վրա կնստի ընդհանուր 8 մլրդ ռուբլի։ 

Առևտրի և արդյունաբերության նախարարությունը պնդում է, որ նավերը կառուցվեն Ռուսաստանում։ Կառուցման արժեքը ավելի բարձր կլինի և արտադրության ժամկետը՝ ավելի երկար, փոխարենը նավերը կլինեն նոր։ «Կոմերսանտի» տվյալներով՝ երկու մոտեցման մասին զեկույցները նախագահի սեղանին են։

Ռուսաստանն ունեցել է 4 հոսպիտալային նավ, որոնցից 3-ը շահագործվում է մինչ այժմ։ Յուրաքանչյուրը կարող է տեղավորել մինչև 450 մարդ։ Նավերից մեկը՝ «Իրտիշը», ապրիլին հետ էր կանչվել օվկիանոսից` ՊՆ ենթակայության բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով։ Այն ընդունում է կորոնավիրուսով չվարակված պացիենտներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *