Թուրքիայում ձերբակալում են 181 գործող զինվորականի

Հունիսի 9-ին Թուրքիայի Իզմիր նահանգի դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել 191 անձի վերաբերյալ, որից 181-ը երկրի զինված ուժերի գործող զինվորականներ են։ Այս անձինք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական կազմակերպությանն (FETÖ) անդամակցելու մեջ։

Կասկածյալները մեղադրվում են 2004-2016թթ. ընթացքում Ռազմաօդային ուժերի ենթասպաների ու սպաների պատրաստության ուսումնական հաստատություններում ընդունելության ժամանակ հատուկ «գյուլենական» դիմորդների ընդունման կազմակերպման համար։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը։

Նշվում է, որ կասկածյալներից 145-ն արդեն ձերվակալված են։ Գործող զինվորականներից 173-ը ՌՕՈւ ենթասպաներ են, 6-ը՝ լեյտենանտ, 2-ը՝ ավագ լեյտենանտ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում զինվորականների լայնածավալ ձերբակալություններ սկսվել են 2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Դրա կազմակերպման համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ֊ում բնակություն հաստատած իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա աջակիցներին, որոնց անվանել են Գյուլենականներ։

Գյուլենը նաև մեղադրվում է երկար ժամանակ Թուրքիայի զինված ուժերում և պետհամակարգում իր կադրերի ներգրավման համար։ Դա էր պատճառը, որ հեղաշրջման փորձից հետո մի շարք պաշտոնանկություններ և հեռացումներ եղան նաև ԶՈւ ԳՇ ենթակայության տակ գործող ռազմակրթական հաստատություններից։ Դրանք նաև դուրս բերվեցին ԶՈւ վերահսկողությունից և մտցվեցին ՊՆ կազմի մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *