Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռազմարդյունաբերական «Սուխոյ» ընկերության հետ ստորագրել է եռամյա պայմանագիր՝ շուրջ 20 միավոր Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչների արտադրության վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ընկերությունում սեփական աղբյուրին:
Աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ խոսքն արդիականացված Սու-34Մ ռմբակոծիչների մասին է, որոնց գնման պայմանագիրը նախատեսվում է ստորագրել 2021 թվականին:
Նշենք, որ դեռևս փետրվարի 19-ին «ՏԱՍՍ» գործակալությունը գրել էր, որ ռմբակոծիչների գնման պայմանագիրը հավանաբար կկնքվի 2020 թ. ամռանը:
Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչներն արտադրվում են «Սուխոյ» ընկերության մասնաճյուղում՝ Նովոսիբիրսկի՝ Չկալովի անվան ավիաշինական գործարանում։ Ռմբակոծիչների գնման առաջին պայմանագիրը ՌԴ ՊՆ-ն և արտադրող ընկերությունը կնքել էին դեռևս 2008 թվականին։ Նախատեսված 32 միավոր ինքնաթիռների առաջին խմբաքանակը մատակարարվել էր 2014 թվականին։
Հաջորդ՝ 2012 թվականին կնքված և այժմ գործող պայմանագրով նախատեսված 92 միավոր ռազմաճակատային ռմբակոծիչների մատակարարումը նախատեսված է ավարտել այս տարի։ Ընդհանուր առմամբ, ըստ տարբեր տվյալների, ներկայումս ՌԴ ՌՕՈւ տրամադրության տակ կա 110-130 միավոր Սու-34, որոնց թվաքանակը նախատեսվում է հասցնել 150-200-ի։
Սու-34 բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանիչ-ռմբակոծիչը նախատեսված է ցերեկային և գիշերային ցանկացած եղանակային պայմաններում ոչնչացնելու հակառակորդի ինչպես ցամաքային, այնպես էլ օդային թիրախները: Ինքնաթիռի հիմնական սպառազինությունը «օդ-մակերևույթ» և «օդ-օդ» դասերի ուղղորդվող հրթիռներն են:
Սու-34-ի մարտավարատեխնիկական բնութագիրը
- Թռիչքի հեռահարությունը՝ 4000 կմ
- Առավելագույն արագությունը՝ մինչև 1900 կմ/ժամ
- Օգտակար մարտական բեռնատարողությունը՝ մինչև 8 տոննա։