Ս-400-ների 2-րդ խմբաքանակի համար Ռուսաստանի և Թուրքիայի միջև կա համաձայնություն

Ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային նախատեսում է նաև համատեղ արտադրական տեխնոլոգիաների տրամադրում։ Երկրորդ խմբաքանակի համար կողմերի միջև կա «սկզբունքային համաձայնություն»։

Այս մասին թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը։

Ըստ Դեմիրի՝ նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում հետաձգվել են նաև ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի գործարկման գործընթացները։

Դեմիրը նաև նշել է, որ երկրի օդային պաշտպանության համար միայն Ս-400-ները բավարար չեն, ամերիկյան Patriot և ֆրանս֊իտալական Eurosam համակարգերի համար թուրքական կողմը տվել է իր համաձայնությունը և հարմար առաջարկի դեպքում կշարունակի այդ ուղղությամբ աշխատանքները։

Բացի այդ, շարունակվում են նաև տեղական արտադրության «Քորքութ» և «Հիսար» ՀՕՊ համակարգերի ուղղությամբ աշխատանքները։

Նշենք, որ երկրորդ խմբաքանակի համար թուրքական կողմի հետ համատեղ արտադրության, այսինքն՝ արտադրական պրոցեսում թուրքական ընկերությունների ներգրավման մասին նախորդ շաբաթ խոսել էր նաև Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։ Ըստ նրա՝ երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները լավ են ընթանում և Ռուսաստանը սպասում է այս հարցով Թուրքիայի վերջնական որոշմանը։

Դմիտրի Շուգաևի հարցազրույցը

Հիշեցնենք, որ Ս-400-ների գնման պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսի 12-ից սկսած։ Կարևոր է նշել, որ կնքված պայմանագիրը համատեղ արտադրություն չէր նախատեսում, թեպետ գործարքի հենց սկզբից միայն թուրքական կողմը հայտարարում էր, որ կա նաև համատեղ արտադրության շուրջ պայմանավորվածություն։ Թուրքիան դրանով փորձում է ապահովել տեղական հեռահար ՀՕՊ համակարգի արտադրության զարգացումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *