ՀՀ վարչապետի որոշմամբ՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Ըստ տեղեկությունների՝ ԳՇ պետն ազատվել է իր դիմումի համաձայն։
Նրան կփոխարինի ՀՀ ԳՇ պետի տեղակալ, գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:
Գեներալ-լեյտենանտի հրաժարականը հաջորդել է նրա որդու նախօրեին կայացած հարսանիքին, որն արձանագրել էր Hraparak.am-ը։
«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ», – պարզաբանել էր գեներալ-լեյտենանտը։
Արտակ Դավթյանը այս պաշտոնին նշանակվել էր 5 տարով, 2018 թվականի մայիսին։
Վարչապետի որոշմամբ փոխվել են նաև ԱԱԾ և ոստիկանության պետերը, մասնավորապես՝ գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ պաշտոնին փոխարինել է գնդապետ Արգիշտի Քյարամյանը, իսկ ոստիկանապետ, գնդապետ Արման Սարգսյանին՝ գնդապետ Վահե Ղազարյանը։