Այսօր՝ հուլիսի 3-ին, Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է երկու տարին մեկ անգամ անցկացվող Վեցերորդ միջազգային ռազմածովային ցուցացահանդեսը (MBMC-2013)։
«ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալության տվյալներով՝ ցուցահանդեսը կտևի մինչև հուլիսի 7-ը։ Սրահը բաղկացած է 4 տաղավարային համալիրներից։
Կան նաև բաց հարթակներ, որոնց մի մասը կից է Ծովային մատույցին։ Ծրագրվում է ներկայացնել ՌԴ և հյուրընկալվող երկրների ՌԾՈւ շուրջ 36 ռազմանավ։ Նախատեսվում է նաև սուզանավի, Նիդեռլանդների թագավորական ռազմական նավատորմի ֆրեգատների, Լեհաստանի ռազմանավի ժամանումը։
Հայտնի է նաև, որ Ռուսաստանի ՊՆ «Ռժևսկ» զորավարժարանում ցուցադրվելու են ծովային հրետանային համակարգերը գործողության մեջ։ Ակնկալվում է ինքնաթիռների և ուղղաթիռների ավիացուցադրություն։
Ցուցադրության կազմակերպիչն է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ադրբեջանի հանրապետությունը ևս մասնակցելու է ցուցադրությանը։ Ադրբեջանը ներկայացված է Ռազմական արդյունաբերության նախարարության «Sənayecihaz» ձեռնարկությամբ։
Հավելենք, որ 2009-ին էլ «Sənayecihaz» ձեռնարկությունն էր ներկայացնում Ադրբեջանը Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ցուցահանդեսին, սակայն այն նավաշինական ձեռնարկություն չէ, մասնագիտացած է ջեռուցման ու կոյուղու սարքավորումների արտադրության բնագավառում։