Ռուսաստանը Սիրիայում նոր բազա կունենա․ SOHR

Ռուսական 12 զրահամեքենա ժամանել է Սիրիայի հյուսիս-արևելք՝ Հասաքա նահանգի Մալիքիյա բնակավայր, որտեղ երկու ռուսական ուղղաթիռ այդ տարածքում թռիչքներ են իրականացնում։

Այս մասին գրում է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունը` հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրը նշում է, որ նոր ռուսական ռազմաբազան կառուցվում է Մալիքիյայի հյուսիս֊արևմտյան Ղասր Դիբ գյուղում։ Նշվում է, որ օրեր առաջ ռուսական ուժերն այս գյուղի դպրոցի վրա մի քանի ռադար են տեղադրել։

Նշենք, որ Հասակայում մինչև 2019 թվականը ավիաբազա ուներ ԱՄՆ-ն։ Ավիաբազան ընդունում էր կոալիցիայի ուղղաթիռներն ու ինքնաթիռները, իսկ 2019 թվականի հոկտեմբերին ուժերը Սիրիայից դուրս բերելուն զուգահեռ ԱՄՆ-ն ոչնչացրել էր ավիաբազան և դրա թռիչքուղղին։

Նմանօրինակ դեպք եղել էր նաև 2019-ի նոյեմբերին, երբ ռուսական ՌՈ-ն հսկողության տակ էր վերցրել ԱՄՆ-ի լքած «Սառռին» ավիաբազան՝ Մանբիջից 30 կմ դեպի հյուսիս-արևելք։

Սիրիայում այժմ գործում է ռուսական 2 ռազմաբազա՝ «Հմեյմիմ» ավիաբազան և Տարտուսում ՌԾՈւ նյութատեխնիկական ապահովման կայանը։ Օրերս՝ մայիսի 29-ին, Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել էր ռազմաբազաների տարածքներն ընդլայնելու համար սկսել բանակցություններ Սիրիայի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *