2020թ․ փետրվարի 1-28-ն ընկած հատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info֊ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 5 կորուստ, որից 2-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական, իսկ 1-ը մահացել է անհայտ հանգամանքներում։
Մարտական կորուստներ
Փետրվարի 15-ին, ադրբեջանական կողմի պնդմամբ, հայկական գնդակից, սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող 1990թ. ծնված ենթասպա Ալասկերով Սեյմուր Էլդար օղլուն (Ələsgərov Seymur Eldar oğlu): Կորստի մասին հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Փետրվարի 24-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) հայտնում էր, որ Տավուշի մարզի ուղղությամբ հայկական կողմի «դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս» սպանվել էր զինծառայող Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն (Vəliyev İbrahim Ələmşah oğlu):
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՍԾ այս հայտարարությունը որակել էր որպես ներքին սպառման հեքիաթ:
Ոչ մարտական կորուստներ
Փետրվարի 11-ին սրտի կաթվածից մահացել էր Ադրբեջանի ՌՕՈւ զորային ավիացիայի մայոր, Ադրբեջանի Սիյազանի շրջանի բնակիչ Ռեշադ Աքբերովը: Տեղեկությունը հաստատել էր նաև Ադրբեջանի ՊՆ֊ն։
Փետրվարի 29-ին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում, այդ թվում՝ Ադրբեջանի ԶՈւ հետ կապեր ունեցող էջում, տեղեկություն էր հրապարակվել, որ ավտովթարից մահացել էր ադրբեջանցի հատուկջոկատային Ջաֆարով Լողման Շաքիր օղլուն (Cəfərov Loğman Şakir oğlu)։
Անհայտ
Բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի էր դարձել փետրվարի 3-ին Ադրբեջանի ԶՈւ մայոր Մամմադով Մեհդիի մահվան մասին, սակայն մայորի մահվան հանգամանքները պարզել չհաջողվեց։
Նշենք, որ հունվարի 1-ից մինչ փետրվարի 28-ը Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 10 կորուստ։
Հայկական բանակի փետրվար ամսվա կորուստներն՝ այստեղ։