Հունիսի 4-ին Լիբիայի արևմուտքում գործող «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ֊GNA) ուժերը հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Տրիպոլիի միջազգային օդանավակայանը։
Այս մասին հայտնել է կառավարության մամուլի խոսնակ, գնդապետ Մուհամադ Քանունուն, փոխանցում է Al jazeera միջազգային լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ օդանավակայանը գրավելու համար նոր ռազմական գործողություն սկսելու մասին ԱՀԿ֊ն հայտարարել էր երեկ։ Տրիպոլիի միջազգային օդանավակայանը մինչ այդ վերահսկվում էր գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» (LNA) կողմից։ 2014-ի հուլիսին այդտեղ «Լիբիայի ազգային բանակի» և իսլամիստական խմբավորումների միջև խոշոր բախումներ են եղել։
Հավելենք, որ հունիսի 1-ին Լիբիայում ՄԱԿ առաքելությունը հայտարարեց, որ Լիբիայում հակամարտող կողմերը համաձայնել են վերսկսել հրադադարի հաստատման համար բանակցությունները։
2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: «Լիբիայի ազգային բանակը» ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր: