ՌԴ-ն հաստատել է Սիրիային կործանիչներ մատակարարելու տեղեկությունը

Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Սիրիայի կառավարական բանակի զինված ուժերին արդիականացված ՄիԳ-29 կործանիչների երկրորդ խմբաքանակն ուղարկելու մասին տեղեկությունը։

Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան Twitter-ի միկրոբլոգից:

Գրառման մեջ նշվում է, որ առաքումն իրականացվել է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, և սիրիացի օդաչուներն արդեն սկսել են դրանցով թռիչքներ իրականացնել:

Այս տեղեկությունն ավելի վաղ հայտնել էր Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալությունը՝ հավելելով, որ հանձնման արարողությունն անցկացվել է Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայում, այնուհետև կործանիչները տեղափոխվել են Սիրիայի տարբեր ավիաբազաներ։

Նշենք, որ Մոսկվայի և Դամասկոսի միջև դեռևս 2007 թ. կնքվել էր 12 միավոր ՄիԳ-29 կործանիչի վաճառքի պայմանագիր, որի իրականացումը հետաձգվել էր Սիրիայի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների հետևանքով։ 2017 թ. ՌԴ ՊՆ-ն «Հմեյմիմ» է ուղարկել 4 միավոր կործանիչ։ Նույն թվականի դեկտեմբերին ՌԴ Միացյալ ավիաշինական կորպորացիայի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոտկովը հայտնել էր, որ արդիականացված ՄիԳ-29ՍՄՏ կործանիչներն արդեն փորձարկվել են Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողության ընթացքում:

Ռուսաստանը Սիրիայի զինված ուժերին 2011 թվականից մատակարարել է շուրջ 40 միավոր «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային հրանոթային համալիրներ (ԶՀՀՀ), 2018 թվականից՝ Ս-300 զենիթահրթիռային ՀՕՊ համալիրներ։

2019 թ. նոյեմբերին ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ նախօրոք կնքված պայմանագրերի համաձայն Ռուսաստանը Սիրիային  մատակարարում է ավիացիոն և ցամաքային ստորաբաժանումների համար նախատեսված տեխնիկա։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *