Հայաստանում «Կալաշնիկով» կարտադրեն նաև ՀՀ բանակի համար․ ՀՀ ՊՆ խոսնակ

Հայաստանում հուլիսին բացվող «Կալաշնիկով» գործարանի արտադրանքի շահառուն է լինելու նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի Կալաշնիկովի ինքնաձիգ արտադրող գործարան։ Գործարանի բացման պայմանագիրը կնքել են «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն և «Կալաշնիկով» կոնցերնը 2020 թվականի մայիսի 15-ին՝ 10 տարի ժամկետով։ ՌԴ Ռազմատեխնիակական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության ներկայացուցչի խոսքով՝ տարեկան նախատեսվում է արտադրել 50 հազար միավոր ինքնաձիգ։

Գործարանը սկզբնական շրջանում Ռուսաստանից մատակարարված պահեստամասերով հավաքելու է ԱԿ-103 տեսակի ինքնաձիգեր։ Հաջորդ փուլում ընկերությունը նախատեսում է որոշ պահեստամասեր արտադրել տեղում։

Առանձին կորպուսում արտադրվելու են նաև ջերմատեսիլ սարքեր։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է «Նեյտրոն» ընկերության ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն։

«Բնականաբար, արտադրանքը նախատեսված է լինելու զինված ուժերի կարիքների համար, բայց, կարծում եմ, մասնավոր ընկերության համար տնտեսապես շահութաբեր չի լինի այդքանով սահմանափակվելը», — Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Շուշան Ստեփանյանը։

Infoport.am կայքին Իգոր Գարդիենկոն պատմել է, որ առաջին փուլով նախատեսվում է ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ․ ներգրավվելու են հիմնականում ՀՀ ԶՈւ-ում ծառայած պահեստազորի սպաներ, ովքեր ունեն զենքի հետ վարվելու փորձ։ «Նրանք և՛ պետք է հավաքեն, և՛ ստուգեն, և՛ վերահսկեն գործընթացը»։

ԱԿ-103
ԱԿ-103

Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգերի արտադրություն դնելու մասին դեռ 2018-ին հայտարարել էր ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *