Ռուսաստանը Սիրիային ՄիԳ-29 կործանիչներ է հանձնել. SANA

Սիրիական կառավարական բանակը մայիսի 30-ին ստացել է ռուսական արտադրության արդիականացված ՄիԳ-29 կործանիչների երկրորդ խմբաքանակը։ Հանձնման արարողությունն անցկացվել է Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայում:

Այս մասին տեղեկացնում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալությունը։ 

Ըստ աղբյուրի՝ ստացված կործանիչներն այնուհետև «Հմեյմիմ»-ից տեղափոխվել են Սիրիայի տարբեր ավիաբազաներ և արդեն հունիսի 1-ից կսկսեն առաքելություններ իրականացնել։

Արդիականացված ՄիԳ-29

Մատակարարման վերաբերյալ մինչ այժմ ռուսական կողմից պաշտոնական մեկնաբանություն չի արվել, սակայն ուշագրավ է, որ այն հաջորդել է մայիսի 29-ին «Հմեյմիմ» ավիաբազայի և Տարտուսում տեղակայված նյութատեխնիկական ապահովման կայանի տարածքներն ընդլայնելու համար Սիրիայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությանը։

Նշենք, որ Մոսկվայի և Դամասկոսի միջև դեռևս 2007 թ. կնքվել էր 12 միավոր ՄիԳ-29 կործանիչի վաճառքի պայմանագիր, որի իրականացումը հետաձգվել էր Սիրիայի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների հետևանքով։ 2017 թ. ՌԴ ՊՆ-ն «Հմեյմիմ» է ուղարկել 4 միավոր կործանիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *