Ռուսական «Ուրալվագոնզավոդ» ընկերությունն առաջարկել է Պերուի ցամաքային զորքերի հրամանատարությանը արդիականացնել Տ-55 տանկերը՝ փոխակերպելով դրանք կրակի աջակցման զրահամեքենաների։
Համաձայն «Ինֆոդեֆենսա» պարբերականի՝ առաջարկի էությունը կայանում է տանկի աշտարակը հեռակառավարման մարտական մոդուլի փոխելու մեջ, ինչպես տանկի աջակցման մարտական մեքենաների վրա է։
Բացի այդ, հնարավոր է՝ աշխատանքներ տարվեն զրահապատման ամրացման ուղղությամբ։
Տ-55-ի համար նոր մարտական մոդուլը ներառելու է 2Ա42 ավտոմատ թնդանոթը՝ 30 մմ տրամաչափով, 2 նռնականետ՝ 30 մմ տրամաչափով, յուրաքանչյուրը՝ 300 կրակոցի հնարավորությամբ, «Ատակա» հակատանկային հրթիռների 4 արձակման կայան, 1 գնդացիր՝ 7,62 տրամաչափով անկախ նշանառությամբ։ Տ-55-ի վրա նախատեսվում է ամրացնել նաև ջերմության միջոցով թիրախի հայտնաբերման սարք, համայնապատկերի հնարավորությամբ տեսախցիկներ և լազերային ուղղորդման համակարգ։
Ներկա դրությամբ Պերուի ցամաքային զորքերի հրամանատարությունը քննարկում է Տ-55 տանկերի ապագայի հնարավոր տարբերակներ, որոնցից մեկը «Լեոպարդ 2Ա4» օգտագործված իսպանական հիմնական մարտական տանկերով կամ նիդեռլանդական «Լեոպարդ 2Ա6»-ով կամ նոր ռուսական Տ-90 տանկերով դրանց փոխարինումն է։
Նշենք նաև, որ Պերուն Տ-55-ի վերափոխման առնչությամբ առաջարկ է ստացել Իսրայելից և Ուկրաինայի Խարկովյան մեքենաշինական բյուրոյի հետ համագործակցող տեղական Casanave Industrial Development ընկերությունից։
Հավելենք, որ ներկայումս Պերուի ցամաքային զորքերի տրամադրության տակ են մոտ 50 միավոր Տ-55 տանկեր, ևս 230-ը ոչ բավարար տեխնիկական վիճակում են։