Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատմության մեջ առաջին անգամ արձանագրել է Ադրբեջանում հայաֆոբիա երևույթի առկայությունը՝ Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մանուչարյանի իրավահաջորդների ներկայացրած գործի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ ասուլիսի ընթացքում, հայտնել է ՄԻԵԴ-ում նրանց ներկայացուցիչներից Լևոն Գևորգյանը։
Այսօր հրապարակվել է ադրբեջանցի սպա Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ որոշումը։
ՄԻԵԴ-ը համոզիչ է համարել տուժող կողմի ներկայացրած փաստերը առ այն, որ սպանությունը կատարվել է էթնիկ ատելության հողի վրա, և Ադրբեջանը, Սաֆարովի զինվորական կոչումը և աշխատավարձը բարձրացնելով, հերոսացնելով և ներում շնորհելով, խախտել է ազգությամբ հայ Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի կյանքի իրավունքը։ Դատարանը նաև արձանագրել է, որ Ադրբեջանի գործողությունները կապ ունեն զոհի հայկական ծագում ունենալու հետ։
Դատարանը նաև արձանագրել է, որ Ադրբեջանը Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած գործողություններով և հայտարարություններով, խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը («Խտրականության արգելում»)։
Դատարանը սակայն չի համաձայնել Հունգարիայի կողմից խախտումների փաստի հետ՝ մատնանշելով, որ հունգարական իրավապահ և դատական մարմինները օպերատիվ արձանագրել և արդար դատաքննություն են իրականացրել, իսկ Սաֆարովիին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը կայացվել է միջազգային համաձայնագրերի հիման վրա։
Տուժող կողմը փորձել է դատարանում հասնել նրան, որ մասնավոր անձի՝ Սաֆարովի գործողությունները վերագրվեն պետությանը` հիմնվելով պետության հայտարարությունների և գործողությունների վրա։ ՄԻԵԴ֊ը թեև անհանգստացնող է համարել ադրբեջանական կողմի վարվելակերպը, սակայն չի բավարարել հայկական կողմի պահանջը։ Լևոն Գևորգյանի խոսքով՝ հնարավոր է տուժողների հարազատների համաձայնությամբ այս մասով որոշումը վիճարկվի ՄԻԵԴ Վերին Ատյանում։
Տուժողների մյուս ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ասուլիսին հայտնել է, որ Եվրապական դատարանի ցանկացած վճիռ հանգեցնում է անհատական ընդհանուր միջոցների ձեռնարկմանը, որոնք սահմանում և վերահսկում է ԵԽ նախարարների կոմիտեն․ նրա խոսքով գործը իրավականից անցնում է քաղաքական դաշտ, և հայ դիվանդագետների հերթն է ՄԻԵԴ այս որոշման հիման վրա քաղաքական դիվիդենտներ քաղել։
Հիշեցնենք, որ 2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման 30 տարով, առանց ներման թույլտվության։ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվել լեյտենանտից մայորի: