Մայիսի 25-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն, անդրադառնալով մերձավորարևելյան 2 երկրում` Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին, հայտարարել է, թե այդ երկրների հյուսիսային շրջաններում Թուրքիայի զինված ուժերի իրականացրած ռազմագործողությունների հետևանքով հունվարի 1-ից մինչ օրս 1458 «ահաբեկիչ», այսինքն՝ քուրդ զինյալ է «չեզոքացվել»։
Աքարի հայտարարությունները փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Խոսելով սիրիական Իդլիբ նահանգում մարտի 15-ից իրականացվող ռուս֊թուրքական համատեղ պարեկային գործողություններից, Աքարը հայտարարել է, որ Իդլիբում, չնայած որոշ խախտումների, հրադադար է պահպանվում, ինչի արդյունքում «մոտ 300 հզ սիրիացի փախստական է վերադարձել Սիրիա»։
Նշենք, որ Թուրքիան Իրաքի հյուսիսում ահաբեկիչներ է համարում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK), իսկ Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG անդամներին։ Թուրքական կողմը պարբերաբար թվեր է հրապարակում, որոնք իբրև վերաբերում են քրդական ուժերի կորուստներին, սակայն դրանք գործնականում ստուգել հնարավոր չէ, քանի որ այլ աղբյուրներ, այդ թվում՝ քրդական, չկան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև մարտի 5-ին ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ Մ4 մայրուղուց հյուսիս և հարավ 6֊ական կմ խորությամբ հաստատվում էր անվտանգության գոտի և մարտի 15-ից Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը այդ մայրուղու երկայնքով՝ Թրումբա բնակավայրից դեպի Այն ալ Հավր բնակավայրն, իրականացնելու էին համատեղ պարեկային ծառայություն։