Պենտագոնը հանել է COVID-19-ից ապաքինվածների՝ ԶՈւ-ում ծառայելու արգելքը

Մայիսի 21-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի անձնակազմի և պատրաստության հարցերով փոխնախարար Մեթյու Դոնովանը լրագրողներին հայտնել է, որ կառույցը հանել է մայիսի սկզբին ընդունված օրենքը, որով արգելվում էր COVID-19-ից ապաքինվածների մուտքը զինված ուժեր։

Այս մասին հայտնում է ամերիկյան Military Times֊ը։

Նոր որոշման համաձայն՝ արգելքը գործելու է զինված ուժեր դիմողներից միայն նրանց նկատմամբ, ովքեր հոսպիտալացված են եղել նոր կորոնավիրուսի առաջացրած բարդությունների պատճառով։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Պենտագոնի խոսնակ Ջեսիքա Մաքսուելը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ զինծառայության համար երբևէ վարակակիր դիմողները զորակոչի համար «մշտական որակազրկում» կստանան, եթե անգամ նոր կորոնավիրուսից ապաքինվել են:

Որպես այս որոշման հնարավոր պատճառ ամերիկյան աղբյուրները նշում էին այնպիսի գործոններ, ինչպիսիք են վիրուսի հասցրած երկարատև, երբեմն էլ մշտական վնասը շնչուղիներին, կրկնակի վարակման հավանականությունը, ինչպես նաև երկարատև իմունիտետ ձեռք բերելու մասին փաստերի բացակայությունը, ինչը կրկնակի վարակման պարագայում կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ բարդությունների: 

Նշենք, որ մայիսի 21-ի դրությամբ ԱՄՆ զինված ուժերում գրանցվել է վարակի 8859 դեպք, որոնցից 5888֊ը ակտիվ վարակակիրներ են։ Մինչ այժմ հոսպիտալացվածների թիվը 361 է, մահացածներինը՝ 30։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *