Ռուսաստանի Միացյան նավաշինական ընկերությունն (ՄՆԸ) ու ավիակիրը վերանորոգող «ԻԻՍ» ընկերությունը խզել են «Ադմիրալ Կուզնեցովի» արդիականացման պայմանագիրը։ Ըստ ՄՆԸ տնօրենի՝ պայմանագրի խզումը չի ազդի ավիակիրի վերանորոգման ու արդիականացման ժամկետների վրա։
Այս մասին հայտնել է Միացյալ նավաշինական ընկերության տնօրեն Ալեկսեյ Ռախմանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Պաշտոնյան նշել է, որ «ԻԻՍ» ընկերությունը թերի է կատարել իր պարտավորվածությունները։ Մասնավորապես ընկերության վերցրած կանխավճարը չի համապատասխանում վերջիններիս կատարած աշխատանքին։ Ռախմանովը նաև հայտնել է, որ «ԻԻՍ»-ն վերադարձնելու է 2,6 մլրդ ռուբլի (մայիսի 21-ի փոխարժեքով՝ 36,6 մլն դոլար) կանխավճարից 900 մլն ռուբլին (12,6 մլն դոլար)։
Այժմ կա 3 ընկերություն, որոնք պատրաստ են «Ադմիրալ Կուզնեցովի» արդիականացումը կատարել պատվիրատուի նշած ժամկետներում՝ 2022 թվականին և կազմակերպություններից մեկի հետ կկնքվի նոր պայմանագիր։
«ԻԻՍ» ընկերությունն իր հերթին դժգոհել է պատվիրատուի առաջադրած պայմաններից։ Ըստ ընկերության՝ իրենք խոստացված 7,1 մլրդ ռուբլի (100 մլն դոլար) կանխավճարից ստացել են 2,6 մլրդ ռուբլին (36,6 մլն դոլար)։ Բացի այս «ԻԻՍ»-ն մեղադրում է ՄՆԸ-ին և «Զվյոզդչկա» նավավերանորոգման կենտրոնին կատարված աշխատանքի դիմաց 800 մլն ռուբլի (11,2 մլն դոլար) չվճարելու և համապատասխան փաստաթղթերի տրամադրման ժամկետները խախտելու համար։
«Ադմիրալ Կուզնեցովը» Ռուսաստանի Ռազմածովային ուժերի միակ ավիակիր հածանավն է։ 2018 թվականի սեպտեմբերից ավիակիրը վերանորոգվում էր Մուրմանսկում և նախատեսված էր աշխատանքներն ավարտել եռամյա ժամկետում։ Հոկտեմբերին վերանորոգող վերջրյա նավանորոգարանի (плавучий док, ПД-50) էլեկտրամատակարարման խափանման արդյունքում նավանորոգարանը սուզվեց, իսկ ավելի ուշ որոշվեց «Ադմիրալ Կուզնեցովը» վերանորոգել 35-րդ նավանորոգման գործարանում (Մուրմանսկ)։
2019 թվականի դեկտեմբերի 12-ին վերանորոգման ընթացքում անվտանգության կանոների խաղտման հետևանքով ավիակիրի վրա հրդեհ բռնկվեց, ինչի պատճառով զոհվեց 1, վիրավորվեց 10 զինծառայող։ Միացյալ Նավաշինական ընկերության գնահատմամբ կրած նյութական վնասը 500 մլն ռուբլի էր (2019 թվականի դեկտեմբերի փոխարժեքով՝ շուրջ 7 մլն դոլար)։
«Ադմիրալ Կուզնեցովի» հետ կապված նախկինում ևս խնդիրներ են եղել։ 2017 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին արգելակող պարանի կտրվելու հետևանքով վթարվել էին տախտակամածային Սու-33 և ՄիԳ-29Կ կործանիչները։
«Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը շահագործման են հանձնել 1991-ին։ Ըստ հաստիքի՝ ավիակիրի վրա նախատեսված է ունենալ 14 միավոր Սու-33 կործանիչ, 14 միավոր ՄիԳ-29 / ՄիԳ-29Կ կործանիչ։ Ավիակիրը մասնակցել է նաև Սիրիայում մարտական գործողություններին։