Armstrade.org կայքը հաղորդում է, որ Ադրբեջանը Քուվեյթում դեկտեմբերի 12-14-ը տեղի ունեցած ռազմական արտադրանքի ցուցահանդեսին ներկայացրել է սեփական ռազմական արդյունաբերության արտադրանքի նմուշներ։ Մասնավորապես հիշատակվում են «Զաֆար» և «Ինամ» ատրճանակները։
- «Ինամ»
- «Զաֆար»
- «Զաֆար-Կ»
Իրականում, ուշադիր հետևելով Ադրբեջանի ռազմական արդյունաբերության հաջողությունների մասին տեղեկություններին՝ դժվար է զերծ մնալ կասկածներից, որ այդ ամենը մեղմ ասած պարունակում է բլեֆի տարրեր, քանի որ միևնույն տեղեկության անընդհատ շրջանառմանն ու շահարկմանն, ինչպես նաև մեծաթիվ հակասություններին այլ բացատրություն դժվար է գտնել։
Այսպես, թեև Ադրբեջանը հայտարարում է, որ ինքնուրույն սկսել է բանակի համար ատրճանակներ արտադրել, բայց Թուրքիայի ՄԱԿ-ի սպառազինությունների ռեեստր ներկայացրած հաշվետվություններից պարզ է դառնում, որ ատրճանակներ Ադրբեջանը գնում է Թուրքիայից։ Բացի այդ, դեռ մեկ տարի առաջ այդ նույն «Զաֆար» և «Ինամ» ատրճանակները հայտարարվում էին ոչ թե որպես ադրբեջանական, այլ թուրք-ադրբեջանական համատեղ արտադրանք (http://www.1news.az/society/20100901053312158.html
)։ Ի՞նչ է ստացվում. Ադրբեջանը Թուրքիայից գնում է ատրճանակներ, դրանք ներկայացնում է որպես համատեղ թուրք-ադրբեջանական արտադրանք, իսկ հետո «թուրքը» մոռանու՞մ։
Իհարկե, սա կարելի է միայն վարկած համարել, բայց, եթե ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի ռազմական արդյունաբերության մյուս «հաջողություններին», ապա բլեֆի մասին կասկածներն է´լ ավելի են հաստատվում։ Ճիշտ նույն սխեմայով Հարավ-Աֆրիկյան Հանրապետության արտադրած զրահամեքենաները սկզբում հայտարարվեցին «համատեղ արտադրանք», իսկ հետո սկսեցին հայտարարվել որպես «ադրբեջանական»։ Իրականում պարզապես այդ զրահամեքենաների մի մասը Ադրբեջանում հավաքվում է Հարավա-Աֆրիկյան Հանրապետությունից ստացված պատրաստի մասերից և այն էլ բավականին դանդաղ տեմպերով։
Մեկ այլ թարմ օրինակ է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մասին պատմությունը։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել էր, որ հաջորդ տարի «Aerostar» և «Orbiter-2M» ապրանքանիշի 60 անօդաչու թռչող սարք կարտադրի։ Ինչ խոսք, լավ է հնչում, բայց եթե վերհիշենք ադրբեջանցիների նախորդ հայտարարությունները, պատկերը փոխվում է։
Այսպես, հոկտեմբերի 14-15-ին ադրբեջանական լրատվամիջոցները ուրախությամբ ավետեցին, թե Ադրբեջանն Իսրայելից կգնի 60 անօդաչու թռչող սարք (http://vesti.az/news/92848/news.php?id=96836
)։ Տաս օր անցած ադրբեջանցիները ճշտեցին, թե ԱԹՍ-ներրը հավաքվելու են Ադրբեջանում (http://www.1news.az/print.php?item_id=20111015100438320&sec_id=2
)։ Եվ հիմա, մոտ 2 ամիս անց ադրբեջանցիները հայտարարում են, թե այդ սարքերն իրենք են արտադրում։ Ընդ որում, երկու ամիս առաջ խոսվում էր մինչև տարեվերջ 60 ԱԹՍ-ի մասին, իսկ այժմ արդեն նշվում է հաջորդ տարվա վերջը։