Արդեն 3-րդ օրն է, ինչ Ադրբեջանում մեկնարկել է պլանային խոշոր զորավարժությունը: Ներգրավված ստորաբաժանումները մշտական տեղակայման վայրերից տեղափոխվում են վարժանքների անցկացման վայրեր, այդ թվում` նաև առաջնագծին մոտ:
Զորավարժությունից առաջ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ «Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։» Ըստ բաց աղբյուրներից մեր դիտարկումների՝ վարժանքներին ներգրավված տեխնիկան՝ տանկերը, ՀՄՄ-ները երթեր են արել առաջնագծին բավական մոտ՝ շուրջ 10 կմ խորությամբ տեղակայված զորավարժարանում՝ Ֆիզուլիի ուղղությամբ:
Այս կապակցությամբ «Ռազմինֆոյի» հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ասաց, որ «չհայտարարված զորավարժությունն այս պահի դրությամբ որևէ սպառնալիք կամ լարվածություն չի առաջացրել ոչ Հայաստանի, ոչ Արցախի Հանրապետության սահմանին։ Եթե սպառնալիքն անմիջական լինի, ապա, ինչպես և հայտարարել ենք, կձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ»:

Ըստ մեր դիտարկումների՝ վարժանքների հիմնական ուղղությունը հարավն է՝ Ջաբրայիլի և Ֆիզուլիի ուղղությամբ, իսկ հիմնական ներգրավված ցամաքային միավորը՝ Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսն է, սակայն այլ տեղերում ներգրավված են նաև թիկունքային այլ ստորաբաժանումներ: Այս զորավարժությանը նման վարժանք՝ նույն ուղղությամբ Ադրբեջանի բանակը անցկացրել էր նաև անցյալ տարվա մայիսին:
Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ վարժանքներին ներգրավվել է մինչև 10 հազար անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր զորային և ճակատային ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունների, ներգրավված ուժերի մասին ավելի մանրամասն կանդրադառնանք դրանց ավարտից հետո՝ մեր ամփոփման մեջ: