Ռուսաստանը սկսել է Եգիպտոսի համար Սու-35-ի արտադրությունը. «ՏԱՍՍ»

Ռուսաստանի Ամուրի–Կոմսոմոլսկի ավիացիոն գործարանում սկսվել է Սու-35 կործանիչների արտադրությունը, որոնք պետք է մատակարարվեն Եգիպտոսի զինված ուժերին՝ 2018 թ. կնքված պայմանագրի համաձայն։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։

Աղբյուրը նշել է, որ եգիպտական ​​կողմին կործանիչների առաջին խմբաքանակի առաքման ժամկետները դեռ անորոշ են՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով:

Թեև նշվում է, որ Եգիպտոսի հետ պայմանագիրը ստորագրվել է 2018 թ. վերջին, գործարքի ստորագրման վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել։ Իսկ տեղեկությունն այն մասին, որ Եգիպտոսը ցանկանում է ձեռք բերել Սու-35 կործանիչներ, առաջին անգամ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի կայքում էր հայտնվել 2019 թ. մարտին։ Նշվում էր, որ Կահիրեն նախատեսում է ձեռք բերել շուրջ 2 միլիարդ դոլար արժողությամբ տասնյակ կործանիչներ։

Սու-35-ի առաջին արտասահմանյան գնորդը եղել է Չինաստանը, որի հետ 24 կործանիչի համար Ռուսաստանը շուրջ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել 2015 թվականին: Գործարքով նախատեսված մատակարարումներն ավարտվել են 2018 թվականի վերջին:

Նշենք, որ Սու–35 բազմաֆունկցիոնալ կործանիչը Սու-27-ի արդիականացված տեսակն է։ Թևերի բացվածքը 14,75 մ է, բարձրության վրա առավելագույն արագությունը՝ 2500 կմ/ժ, թռիչքի հեռահարությունը՝ 4500 կմ։ Զինված է 30 մմ տրամաչափի ԳՇ-30-1 ավիացիոն թնդանոթով ու հրթիռներով, մարտական բեռնվածությունը՝ 8000 կգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *