Փոթիում կբացվի ռազմածովային ակադեմիայի մասնաճյուղ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ծանոթացել է Փոթիում պատմական շենքի վերանորոգման աշխատանքներին, որտեղ հաջորդ տարի կսկսի գործել Բաթումիի ռազմածովային ակադեմիայի մասնաճյուղը։

Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը:

Վարչապետ Գախարիան խոստացել է աջակցել ակադեմիային, որն առաջին փուլում կենտրոնանալու է մասնագիտական ​​կրթության և երկրի լոգիստիկ կենտրոններին համապատասխան կադրեր տրամադրելու վրա։

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգապետ Ալեքսանդր Մոզերլիան նշել է, որ ռազմածովային ուսումնարանը, որտեղ աշխատելու է 250 ուսուցիչ, և ուսանելու են հազարավոր երիտասարդներ, կառուցվում է անվտանգության բոլոր միջոցառումներին համապատասխան։

Ըստ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության տնօրեն Թամար Իոսելիանիի՝ շենքի նորոգման աշխատանքները կավարտվեն ինը ամսից, իսկ ուսումնական գործընթացը կսկսվի 2021 թ.-ին:

Նշենք, որ ռազմածովային ուսումնարանը տեղակայվելու է Փոթիի ոռոգման և ջրահեռացման վարժարանի նախկին շենքում: Իշխանությունները պլանավորում են, որ ուսումնական հաստատությունը կօգնի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու կապահովի երիտասարդների մնալը քաղաքում: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *