«Շարլ դը Գոլ» ավիակրի վրա COVID-19-ի բռնկման վերաբերյալ սկսվել է 2 հետաքննություն

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին անդրադարձել է «Շարլ դը Գոլ»-ի հրամանատարների և նրանց բժշկական խորհրդատուների սխալներին, որոնք նպաստել են ավիակրի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսի տարածմանը: 

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: 

Պառլին հայտնել է, որ վարակն, ամենայն հավանականությամբ, ավիակրի վրա է հայտնվել փետրվարի վերջին Կիպրոսում և մարտի 13-16-ին Ֆրանսիայի արևմտյան Բրեստ քաղաքի մոտ կանգառների միջև իրականացված թռիչքային մատակարարումների ընթացքում։ ԶՈւ նախարարի պնդմամբ՝ ավիակրի հրամանատարական կազմն ու վերջիններիս բժշկական խորհրդատուները գերագնահատել են կորոնավիրուսին դիմակայելու իրենց հնարավորությունները, ինչն իր հերթին առաջ է բերել լրջագույն սխալներ։ 

Naval News ֆրանսիական մասնագիտացված կայքը գրում է, որ մայիսի 11-ին նախարարը լրագրողներին հայտնել է ավիակրի վրա վարակի բռնկման վերաբերյալ տարվող երկու հետաքննության մասին: Առաջինը համաճարակաբանական բնույթի է, և նպատակ ունի հավաքել ավիակրի վրա վիրուսի տարածման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը կնպաստի գիտական հանրության շրջանում վարակի դեմ պայքարի արդյունավետ մեթոդների մշակմանը։ 

Երկրորդը Ֆրանսիական նավատորմի կողմից իրականացվող հրամանատարական հետաքննությունն է։ Համատեղ շտաբի ղեկավարությունը տեսչական ստուգման միջոցով պետք է պարզի, թե ինչ հրամաններ են տրվել, և ինչպիսին էր իրավիճակի ըմբռնումն ավիակրի հրամանատարության մոտ՝ որոշումներ կայացնելիս։ 

Նշվում է, որ մայիսի 4-ի դրությամբ ավիակրի 1760 հոգանոց անձնակազմից վարակը հաստատվել էր 1046 զինվորականի մոտ։ Իսկ ավիակրի հարվածային խմբի հետ միասին անձնակազմի 2400 անդամից վարակվել էր 1081-ը։ 

Նախօրեին ԶՈւ նախարարը խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովին տեղեկացրել է, որ «Շարլ դը Գոլ» ավիակրի անձնակազմից վարակվածների 98%-ը ապաքինվել է, հոսպիտալացված 20 զինվորականներից այժմ բուժում է ստանում միայն մեկը։ 

Հիշեցնենք, որ Բալթիկ ծովում զորավարժությունների մասնակցող «Շարլ դը Գոլ» ավիակիրն անձնակազմի անդամների մոտ նոր կորոնավիրուսի ախտանշաններ հայտնաբերվելուց հետո՝ ապրիլի 8-ին, վաղաժամ վերադարձել էր ֆրանսիական Թուլոն նավահանգիստ։ Իսկ մեկ շաբաթ անց հայտնի էր դարձել, որ վարակը հաստատվել է անձնակազմից 668 անձի մոտ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *