Ռուսաստանի և Թուրքիայի միջև 2017թ. ստորագրված 2,5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Թուրքիային մատակարարելու է Ս-400 ՀՕՊ համակարգերի ևս մեկ գնդային կազմ։
Այս մասին ռուսական պետական Риа Новости գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան այժմ բանակցում են լրացուցիչ խմբաքանակի կազմի և մատակարարման ժամկետների վերաբերյալ։ Ըստ Շուգաևի՝ պայմանագիրը նախատեսում է երկրորդ խմբաքանակի արտադրության գործընթացում թուրքական կողմի մասամբ մասնակցությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիան Ս-400-ների առաջին խմբաքանակը ստացավ 2019թ․ հուլիսի 12-ին։ Դրանք այժմ տեղակայված են մայրաքաղաք Անկարայի մոտակայքում՝ «Աքընջը» ավիաբազայում։
Ս-400-ների մատակարարումներից 5 օր անց՝ հուլիսի 17-ին ԱՄՆ-ն հայտարարեց, որ ռուսական համակարգերը գնելու համար Թուրքիան պաշտոնապես հեռացվում է ամերիկյան F-35 կործանիչների արտադրման ծրագրից։ Ամերիկյան կողմի պահանջն էր չգնել ռուսական համակարգերը, քանի որ դրանք չեն համապատասխանում ՆԱՏՕ ստանդարտներին։ Թուրք֊ռուսական գործարքին դեմ է արտահայտվում նաև ՆԱՏՕ֊ն։
Նշենք, որ թուրքական կողմն այժմ հայտարարում է, որ ԱՄՆ֊ին առաջարկել են ստեղծել տեխնիկական խումբ, որը կզբաղվի Ս-400-ների շուրջ ստեղծված իրավիճակով։