ԱՄՆ զինված ուժեր ընդունման գործընթացի կազմակերպման հրամանատարությունը (U.S. Military Entrance Processing Command-MEPCOM) հրապարակել է հուշագիր, որով անձնակազմը ղեկավարվելու է զինված ուժեր դիմողների հետ տարվող աշխատանքներում: Հրապարակված հուշագրի համաձայն՝ նոր կորոնավիրուսից ապաքինվածներին չի թույլատրվելու ծառայել զինված ուժերում:
Այս տեղեկությունը, Military Times-ի պնդմամբ, հասատատել է Պենտագոնի խոսնակ Ջեսիքա Մաքսուելը:
Նոր կորոնավիրուսից ապաքինվածների ախտորոշման մեջ նշվելու է զորակոչի համար «մշտական որակազրկում»: Թեև նման որակավորում ստացածները պաշտոնապես կարող են բողոքարկել որոշումը, սակայն դեռևս չկա այն վերանայելու որևէ մեխանիզմ:
Այս որոշումը կայացվել է հետբուհական կրթությունից հետո իրականացվելիք ամառային և աշնանային հավաքագրման աշխատանքներին ընդառաջ:
Պենտագոնի խոսնակ Ջ. Մաքսուելը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ի տարբերություն այլ վիրուսային, ոչ խրոնիկ հիվանդությունների ինչու է նոր կորոնավիրուսի պարագայում նախկինում վարակված լինելը խանգարում զինվորական ծառայությանը:
Սակայն, ըստ աղբյուրի, հաշվի առնելով COVID-19-ի վերաբերյալ մինչ այժմ իրականացված սահմանափակ հետազոտությունները, պարզ են դառնում որոշ գործոններ, որոնք ռազմաբժշկական մասնագետներին ստիպում են զգուշանալ անգամ ապաքինվածներին հավաքագրելուց: Նախևառաջ, վիրուսը երկարատև, երբեմն էլ մշտական վնաս է հասցնում շնչուղիներին, դեռևս չի բացառվել վարակի կրկնման հավանականությունը, ինչպես նաև հաստատված չէ երկարատև իմունիտետ ձեռք բերելու փաստը, ինչը կրկնակի վարակման պարագայում կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ բարդությունների:
Նշենք, որ մայիսի 6-ի դրությամբ հայտնի է, որ ԱՄՆ զինված ուժերում COVID-19-ով վարակակիրների հաստատված թիվը 7526 է, որից ռազմածովային ուժերում՝ 2062, ցամաքային զորքերում՝ 1032, Ազգային գվարդիայում՝ 884, ռազմածովային կորպուսում՝ 428, ռազմաօդային ուժերում 388 դեպք: Ամերիկյան ԶՈւ քաղծառայողներից վարակակիր է 1229 անձ, իսկ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի անձնակազմում վարակակիրների թիվը գերազանցում է 1102-ը: