Ռուսաստանի նախագահի հրամանագրով՝ ՌԴ ԶՈւ զինծառայողներին կարգելվի համացանցում կամ զանգվածային լրատվամիջոցներում տարածել այնպիսի կոնտենտ, որը կմատնի նրանց զինծառայող լինելը։ Զանցանք կհամարվեն նաև այնպիսի հրապարակումները, որոնք կպարունակեն այլ զինծառայողների և նրանց ընտանիքների մասին տվյալներ։
Զինծառայողներին արգելված է հրապարակել տվյալներ այլ զորացրված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների մասին, ինչպես նաև նրանց տեղորոշելը թույլ տվող տվյալներ։ Զինծառայողներն իրավունք չունեն նաև հանրայնացնել ռազմական մարմինների տեղաբաշխման և վերաբաշխման մասին տեղեկություններ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Բացի այդ, զինծառայողներին արգելվում է աուդիո, ֆոտո, վիդեո, գեոլոկացիայի և ինտերնետի հնարավորություն ունեցող կենցաղային նշանակության էլեկտրոնային տեխնիկա ունենալ հատուկ առաջադրանքների, զորավարժությունների, մարտական հերթապահությունների և գործողությունների մասնակցելու ժամանակ։
Փոփոփոխություններ է արվել նաև ՌԴ ԶՈւ կայազորի և պահակային ծառայության կանոնադրության մեջ։ Այսուհետ պահակային ծառայության կանգնածներին արգելվում է ոչ միայն անձնական կապի միջոցներ օգտագործել, այլև ունենալ իրենց մոտ աուդիո, ֆոտո, վիդեո, գեոլոկացիայի և ինտերնետի հնարավորություն ունեցող կենցաղային նշանակության էլեկտրոնային տեխնիկա։ Այս արգելքը վերաբերում է նաև նաև ռազմական ոստիկաններին, որոնք ծառայություն են իրականացնում հաուպտվախտում (զինվորական կալանատուն)։
Նշենք, որ դեռ 2017-ին որոշում էր ընդունվել, որով ՌԴ զինված ուժերում պայմանագրային զինծառայություն անցնողները պարտավորվում էին հաշվետվություն ներկայացնել վերջին երեք տարում սոցցանցերում և համացանցում իրենց ակտիվության վերաբերյալ: