Մայիսի 2-ին «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» (TAI) և տեղական Havelsan ռազմարդյունաբերական ընկերությունների միջև ստորագրվել է թուրքական TF-X 5-րդ սերնդի կործանիչի արտադրման «Ազգային կործանիչ» ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիր։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը։ Ըստ Դեմիրի՝ ծրագրի շրջանակներում համագործակցությունը նախատեսվում է իրականացնել վարժասարքերի, թեստավորման վիրտուալ միջավայրի, ծրագրային ապահովման մշակման, կիբերանվտանգության և այլ ոլորտներում։
Հիշեցնենք, որ TF-X կործանիչի արտադրման մասին Թուրքիան առաջին անգամ հայտարարել է 2011 թվականին։ Կործանիչի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատում են բրիտանական BAE-ն ու «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերությունը (TAI)։
Կործանիչի առաջին նախատիպը TAI ընկերությունը ցուցադրեց 2019թ․ հունիսին Ֆրանսիայում՝ «Paris Air show-2019» ավիաշոուի ընթացքում։

TF-X կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝
- Առավելագույն բարձրությունը՝ ~16,8 կմ
- Առավելագույն արագությունը՝ 2 մախ (~2470 կմ/ժ)
- Գործողության շառավիղը՝ ~1000 կմ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ ~27200 կգ
- Երկարությունը՝ 19 մ
- Թևերի բացվածքը՝ 12 մ