2019թ. հուլիսին Ռուսաստանից ստացած Ս-400-ների առաջին խմբաքանակի գործարկումը Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է, սակայն առաջիկայում իրականացվելու է այնպես, ինչպես պլանավորված էր։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիելդի հետ տեսակոնֆերանսի ընթացքում։
Քալընը կրկնել է թուրքական այն դիրքորոշումը, որ չնայած Ռուսաստանից գնված ՀՕՊ համակարգերի ձեռք բերմանը, Թուրքիան հարմար պայմանների դեպքում պատրաստ է գնել նաև ամերիկյան արտադրության Patriot համակարգերը։
Հիշեցնենք, որ Թուրքիան Ս-400-ների առաջին խմբաքանակը ստացավ 2019թ․ հուլիսի 12-ին։ Դրանք այժմ տեղակայված են մայրաքաղաք Անկարայի մոտակայքում՝ «Աքընջը» ավիաբազայում։ Իսկ համակարգերի երկրորդը մասը, թուրքական կողմի պնդմամբ, նախատեսում է որոշ տեխոնոլոգիաների համատեղ արտադրություն, որի շուրջ կողմերը դեռ բանակցում են։
Ս-400-ների մատակարարումներից 5 օր անց՝ հուլիսի 17-ին ԱՄՆ-ն հայտարարեց, որ ռուսական համակարգերը գնելու համար Թուրքիան պաշտոնապես հեռացվում է ամերիկյան F-35 կործանիչների արտադրման ծրագրից։ Ամերիկյան կողմի պահանջն էր չգնել ռուսական համակարգերը, քանի որ դրանք չեն համապատասխանում ՆԱՏՕ ստանդարտներին։
Նշենք, որ թուրքական կողմն այժմ հայտարարում է, որ ԱՄՆ֊ին առաջարկել են ստեղծել տեխնիկական խումբ, որը կզբաղվի Ս-400-ների շուրջ ստեղծված իրավիճակով։