Ռուսաստանի զինված ուժերում 874 զինծառայող վարակվել է COVID-19-ով

Ապրիլի 26-ի դրությամբ ռուսական բանակում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 874 դեպք, որոնցից ծանր է գնահատվում 4 զինծառայողի վիճակը։ Այս զինծառայողներից 314-ը բուժում են ստանում ՌԴ ՊՆ ենթակայության հոսպիտալներում, ծառայության վայրում մեկուսացած են 175 հոգի, տանը մեկուսացած են 379 հոգի, իսկ քաղաքացիական հիվանդանոցներում բուժում են ստանում 6 զինծառայող։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ֊ն, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Բացի այս, նոր կորոնավիրուսով են վարակվել ՌԴ ՊՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների 779 կուրսանտ, 192 հոգի՝ մինչբուհական հաստատություններից և ևս 245 քաղաքացի, ովքեր աշխատում են ՌԴ ՊՆ ենթակայության տակ։

Հետաքրքրական է, որ Ռուսաստանի Ռազմաբժշկական ակադեմիայի ղեկավարը հրաժարական էր տվել, քանի որ իր ենթակայության հաստատությունում նոր կորոնավիրուսով վարակված կուրսանտներ էին հայտնաբերվել։

Նշենք, որ ՌԴ ՊՆ ԲՈՒՀ-երում նոր կորոնավիրուսով վարակվածների աճը կանխելու նպատակով, Սերգեյ Շոյգուն հանձնարարել է ուսումնական տարին ավարտել ժամկետից շուտ։

Ռուսաստանի ԶՈւ-ն բավականին լայն ներգրավվածություն ունի նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ապրիլի 25-ին ՌԴ Արևելյան ռազմական շրջանից 5 ռազմաբժշկական բրիգադ ժամանել էր Մոսկվայի մարզ, որտեղ նրանք աշխատելու էին քաղաքացիական հիվանդանոցներում։ Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի զինված ուժերի գնդերից և բրիգադներից կազմվել է ռազմական բժիշկների համահավաք ընդհանուր 17 ջոկատ։

Ռուս ռազմաբժիշկները վիրուսի դեմ պայքարելու համար նաև գործուղվել էին Հայաստան, Իտալիա, Սերբիա։ Իսկ Վլադիվաստոկի քաղաքացիական հիվանդանոցները ծանրաբեռնվածությունից թեթևացնելու նպատակով «Իրտիշ» հոսպիտալ նավը վերադարձել էր ափ։

Հարկ է նշել «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոն»-ի (Центр анализа стратегий и технологий-ЦАСТ) փորձագետ Միխայիլ Բարաբանովի դիտարկումն այն մասին, որ անգամ աշխարհի ամենաթափանցիկ բանակները խուսափում են ներկայացնել զինված ուժերում կորոնավիրուսի մասին իրական տվյալները։ Նման գաղտնիության պատճառն այն է, որ հիվանդների մասին տեղեկատվությունը կարող է պատկերացում տալ բանակի մարտական արդյունավետության անկման մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *