Ռուսաստանի ԶՈւ Արևմտյան ռազմական շրջանից 5 ռազմաբժշկական բրիգադ ապրիլի 24-ին ժամանել է Մոսկվայի մարզ։ Ռազմաբժիշկները քաղաքացիական հիվանդանոցներում աշխատելու են նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Ավելի վաղ Մոսկվայի մարզի մարզպետը բուժանձնակազմ տրամադրելու խնդրանքով դիմել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ Մոսկվայի մարզը Ռուսաստանում 2-րդ շրջանն է վարակվածների թվով՝ ապրիլի 24-ի դրությամբ մարզում գրանցվել է վարակման 7889 դեպք, որից 235 հոգի առողջացել են, իսկ 66 մարդ մահացել է։
Նշենք, որ Ռուսաստանի զինված ուժերի գնդերից և բրիգադներից կազմվել է ռազմական բժիշկների համահավաք ընդհանուր 17 ջոկատ և բուժքույրական վերակենդանացման 65 բրիգադ, որից 20-ը ներգրավվել են Մոսկվայի կլինկաների աշխատանքներին։
Ռուսաստանի ԶՈւ-ն նոր կորոնավիրուսի դեմ պայքարի որոշակի փորձառություններ արդեն ունի։ Ռուս ռազմաբժիշկները վիրուսի դեմ պայքարելու համար գործուղվել էին Հայաստան, Իտալիա, Սերբիա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոսպիտալ-նավ «Իրտիշը» վերադառնալու է ափ, որտեղ Վլադիվաստոկի բուժհաստատությունները չծանրաբեռնելու նպատակով հոսպիտալացվելու էին կորոնավիրուսով չվարակված անձինք։